Չինաստանում վակուումային խողովակում հաջողությամբ արագընթաց գնացք է փորձարկվել
Չինաստանում փորձարկվել է մագնիսական լևիտացիայով աշխատող նոր արագընթաց գնացք, որը կարող է քաղաքացիական ինքնաթիռներից էլ արագ ընթանալ՝ մինչև 1000 կմ ժամ արագությամբ, տեղեկացնում է չինական Xinhua գործակալությունը։
Փորձարկումները տեղի են ունեցել երկրի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Դաթոնգ քաղաքում։ Գնացքը փորձարկելու համար կառուցվել է 2 կմ երկարությամբ խողովակ, որում ստեղծվել են ցածր վակուումային պայմաններ՝ մթնոլորտային ճնշումից զգալիորեն ցածր ճնշում։
Նշվում է, որ փորձարկումների ընթացքում գնացքը կարողացել է իրականացնել կառավարվող նավիգացիա, ցուցադրել արգելակման կայունությունը և կատարել անվտանգ կանգառ՝ տրված կոր հետագծին համապատասխան։
Ապագայում նման գնացքը կկարողանա զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն՝ ավելի արագ, քան քաղաքացիական ինքնաթիռները։ Հետագայում նախատեսվում է այսպիսի վակուումային խողովակներով միմյանց միացնել չինական մեգապոլիսները, ինչի արդյունքում Պեկինից Շանհայ հնարավոր կլինի հասնել մոտ 1,5 ժամում, մինչդեռ այժմ դա տևում է մոտ 4 ժամ։
Նախագիծը վերահսկում է Չինաստանի օդատիեզերական գիտության և արդյունաբերության կորպորացիան (China Aerospace Science and Industry Corporation, CASIC):
Comments