Չինաստանը Թայվանի ափից 120 կիլոմետր հեռավորությամբ հիպերձայնային հրթիռ է արձակել

Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ, որոնց ընթացքում փորձարկվել է DF-17 հիպերձայնային հրթիռը, տեղի են ունեցել Թայվանի Պինտան կղզուց 120 կիլոմետր հեռավորությամբ, տեղեկացրել է Aerotime-ը։ Պարբերականը նշել է, որ հրթիռն արձակվել է Չինաստանի բանակի կազմավորման 95-ամյակի նախօրեին, որը նշվում է օգոստոսի 1-ին։ Փորձարկումներին նախորդել էր լարվածության աճը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան նախապատրաստվող այցելության պատճառով. այցի ապահովման համար Հարավչինական ծով է մտել «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի հարվածային խումբը։ Միջին հեռահարության DF-17 (Dongfeng-17) հրթիռային համալիրը DF-16-ի կատարելագործված տեսակն է։ Դրա բալիստիկ հրթիռը որպես մարտագլխիկ ունի DF-ZF հիպերձայնային պլաներ, որը կարող է մանեւրել ժամում 12,3 կիլոմետր արագությամբ։ Համալիրը կարող է խոցել 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները ինչպես սովորական, այնպես էլ միջուկային լիցքերով։ Ավելի վաղ Չինաստանը սպառնացել էր վճռական գործողությունների դիմել, եթե Փելոսին այցելի Թայվան։ Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը հայտարարել է, որ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին չհրաժարվի այցելությունից, չինական բանակը միջոցներ կձեռնարկի դա թույլ չտալու համար։ Չինաստանի ՊՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ Փելոսիի այցը լրջորեն կխախտի «Մեկ Չինաստան» սկզբունքը եւ չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները։ Թանն ավելացրել է, որ Չինաստանը կպաշտպանի իր պետական ինքնիշխանությունը։ Դրանից հետո Հարավչինական ծով է մտել ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը՝ 90 ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով զինված, իսկ Չինաստանն սկսել է երկօրյա զորավարժություններ Ցյունչժաո նեղուցի արեւմտյան մասում։
Comments