top of page

Չեմ կարծում, որ նման հանդիպում տեղի կունենա. Ռաիսին`իր և Բայդենի հանդիպման մասին

  • Anews
  • Sep 18, 2022
  • 1 min read

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել կամ զրուցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ` Նյու Յորք կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ պետք է ելույթ ունենա Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։

«Չեմ կարծում, որ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է Ռաիսին`CBS New-ին տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ի նոր վարչակազմը պնդում է, որ տարբերվում է Թրամփի վարչակազմից։ Նրանք այդ մասին խոսել են մեզ ուղղված իրենց հաղորդագրություններում։ Սակայն մենք ոչ մի փոփոխություն չենք տեսել»,- ասել է Էբրահիմ Ռաիսին`պատասխանելով լրագրողների հարցին:

Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, JCPOA – խմբ.)՝ վերականգնելով համաձայնագրով չեղարկված պատժամիջոցները։

Իր նախընտրական արշավի ընթացքում Բայդենը պնդում էր, որ մտադիր էր վերականգնել համաձայնագիրը, սակայն նա ձեռնպահ է մնացել նման գործողություններից եւ նույնիսկ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության դեմ:

Անցյալ տարվանից ի վեր Իրանի եւ, համաձայնագրի անդամ մյուս պետությունների միջեւ, բանակցությունների բազմաթիվ փուլեր են անցկացվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որպեսզի ուսումնասիրեն գործարքը վերականգնելու եւ պատժամիջոցները եւս մեկ անգամ չեղարկելու հնարավորությունը:

Այդուհանդերձ, բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցրել:

 
 
 

Comments


bottom of page