«Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին»․ Թևանյան
Շատ կարեւոր է նաեւ «Սուրմալուի» տնտեսվարողների փոխհատուցման հարցը. մարդիկ մեղավոր չեն, որ պետությունն իր ֆունկցիան չի կատարել եւ իրենց բիզնեսը հրդեհի, պայթյունի զոհ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ «Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին «Սուրմալուի» պայթյունին զոհ գնաց 16 մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ: Տուժեցին նաեւ տնտեսվարողները, որոնք հսկայական գումարներ կորցրեցին կամ կորցրեցին վարկերը մարելու հնարավորությունները: Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ փորձեց իր վրայից մեղքը գցել՝ մտնելով «Լավ թագավոր, վատ բոյարներ» մոդելի մեջ: Իրականությունն այն է, որ գործ ունենք առնվազն պետական համակարգի հանցավոր փնթիության կամ հանցավոր անգործության հետ: Հայտնի է դարձել, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առեւտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին եւ մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը: Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որեւէ պատասխան չի տվել միջնորդությանը: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել կամ գործը ձգել է նաեւ ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է: Հիմա այս ամենը «Պատասխանատու են, բայց մեղավոր չեն» թեմայով ծածկադմփո՞ց է արվելու: Մարդկային կյանքերը, ցավոք, հետ չենք կարող բերել, բայց գոնե արդարադատությունը պետք է աշխատի ու կոնկրետ անուն, ազգանունով մարդիկ նստեն մեղադրյալի աթոռին: Շատ կարեւոր է նաեւ «Սուրմալուի» տնտեսվարողների փոխհատուցման հարցը: Մարդիկ մեղավոր չեն, որ պետությունն իր ֆունկցիան չի կատարել եւ իրենց բիզնեսը հրդեհի, պայթյունի զոհ է դարձել: Պետական մարմինների հանցավոր անգործությունն ու փնթիությունը չպետք է «Սուրմալուի» տնտեսվարողների վրա «դուրս գրվի»,- գրել է նա։
Comments