top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուսուցչի պաշտոնին պետք է շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկները. Վահրամ Դումանյան



Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ քննարկելու աշխատանքային առկա խնդիրները: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է հանրակրթության բարեփոխումների բովանդակային բաղադրիչի հիմնական հատվածը. «Կրթության զարգացման, նոր չափորոշիչների ներդրման գործում ԿԶՆԱԿ-ն առանցքային դեր ունի, և գործունեության հաջողված արդյունքը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի ջանքերով»: Դումանյանն առանձնացրել է առանցքային 3 հարց, որոնք առավել խնդրահարույց են, այդ թվում՝ ուսուցչի վերապատրաստումների արդյունավետության բարձրացում, մանկավարժի կերպարի ձևավորում, միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրներին համակարգային մոտեցումներ՝ արդյունքային ցուցանիշների բարելավման ակնկալիքով: «Ուսուցիչը հասարակության մեջ պետք է լինի ամենակարևոր անձը: Ուսուցչի կատարած գործը պետք է լինի հարգանքի արժանի, որի պաշտոնին և դիրքին մշտապես շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկներն ու արժանավորները: Ուսուցչի հենց այս կերպարը պետք է ձևավորենք»,- ասել է նա։ Ըստ նրա, դպրոցներում պետք է բացառել քաղաքական գործընթացները. դպրոցը պետք է լինի տաճար, որտեղ շատ երևույթներ արգելված կլինեն: Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտն առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ ապահովում է կադրերի արագ իրացումն աշխատաշուկայում, ինչը կարևոր նշանակություն ունի ներկա տնտեսական իրավիճակում:

0 comments

Kommentarer


bottom of page