top of page

Ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է. ԿԳՄՍ նախարար

  • Anews
  • Mar 17, 2023
  • 1 min read


Կամավոր ատեստավորման ուսուցիչներին վերաբերող գործընթացում լավարկող փաթեթ նաև հաստատեցինք, որով հնարավորություն ենք ընձեռում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Այս մասին մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։ «Կարծում ենք՝ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա»,-ասաց նա: Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ ունենք արդեն 1565 ուսուցիչ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է. «Եթե միջին դրույքաչափը 125 հազար է, ապա միջին եկամուտը միայն կամավոր ատեստավորման արդյունքում կազմում է 250 հազար դրամ և ավելի, իսկ առավելագույնը ունենք 450 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: Ընդ որում՝ պետք է նշեմ, որ ուսուցիչների շուրջ 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն, և ունենք շուրջ 150 ուսուցիչ, որոնք ստանում են 350 հազարից 450 հազար դրամ վարձատրություն: Սրան գումարվում են նաև այլ հավելավճարները, ինչպես տարակարգի մեխանիզմի դեպքում: Ունենք տարակարգ ունեցող շուրջ 300 ուսուցիչ, որոնց համար հավելավճարի համակարգ է գործում»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ այս տարի ատեստավորմանը կկարողանան մասնակցել բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Մինչև ամսվա վերջ դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ երեկվանից մեկնարկել է դիմումների ընդունումը արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացի համար: «Երաժշտական, արվեստների, մարզադպրոցների մանկավարժները երեկվանից հնարավորություն ունեն դիմելու և կամավոր ատեստավորման արդյունքում իրենց վարձատրությունը բարձրացնելու: Մարտի 9-ից ընդունում ենք մանկապարտեզների մանկավարժների դիմումները, որտեղ 30-50 տոկոս հավելավճար է գործում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

 
 
 

Comments


bottom of page