top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուղիղ չեն ուզում ասել՝ «Գոյ» թատրոնն ուզում ենք փակել, իջեցնում են ներքև, որ կամաց-կամաց լուծարեն



Իհարկե, «Գոյ» թատրոնում թերացումներ կան, այդ թվում ֆինանսական թերացումներ, որոնց լուծումը պետք էր գտնել նախարարության հետ քննարկման արդյունքում, բայց  երբեք նման կոնտակտ չի եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց դերասան Աշոտը Տեր-Մաթեւոսյանը:«Երբ մեզ ասացին, որ մեզ առաջարկում են միանալ Սունդուկյանի անվան թատրոնին, մեզ մոտ հարց առաջացավ՝ եթե մենք չենք ունենում իրավական որեւէ լծակ, մեզ հետ ի՞նչ է լինելու: Այսինքն մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք կուզեն, հա՞: Ստացվում է, որ ուղիղ կերպով չեն ուզում ասել, որ թատրոնն ուզում են փակել, անուղղակի  կերպով իջեցնում են ներքեւ, որ հետո կամաց-կամաց լուծարեն:Մեզ ասում են՝ նման բան չկա, ձեզ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում: Նույնիսկ առաջարկ է եղել՝ իջեք ներքեւ, կունենաք բեմ, կունենաք լույս, երկու բեմադրություն եք ուզում բեմադրել, 10-15-20 մլն դրամ ներկայացումները բերեք, մենք այդ գումարը կիջեցնենք: Հիմա հարց է առջանում՝ ինչո՞ւ այդ գումարը հիմա չի կարող ուղղվել թատրոնին, բարեկարգել այդ լույսերը»,-ասաց նա:Դերասանը հիշեցրեց, որ նախօրեին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հայտարարել է, որ մշակութաերաժշտական ուղղությամբ 1,2 մլրդ դրամ է ուղղվելու կամ ուղղվել. «Հիմա հարց է առաջանում՝ ինչի սա մշակույթ չի՞, ինչի դուք մի անգամ եկե՞լ եք թատրոն, տեսնեք ինչ վիճակում ենք մենք: Ինչո՞ւ հնարավոր չէ ֆինանսական միջոցներ տրամադրել, որ մենք էլ կարողանանք բարվոք կյանքով ապրել ու ստեղծագործել:Մենք մտահոգություններ արտահայտեցինք, որ խնդիրներ ենք ունենալու Սունդուկյան թատրոնի հետ, որովհետեւ ձեռագիր կա, մտածելակերպ կա,  թե ինչ կորոշեն մեզ հետ բեմադրել, մեզ հետ անել: Կոնֆլիկտներ են լինելու, չենք պատրաստվում ամբողջ կյանքում կռվել ստեղծագործելու փոխարեն: Պարոն Խզմալյանը մեզ ասաց, որ ոչ մի խնդիր Սունդուկյան թատրոնի հետ չենք ունենալու, իրենք, կոպիտ ասած, երաշխիքներ են տալիս, որ կունենանք պայմաններ, հարթակներ, բեմ, լուսավորություն եւ այլն: Ես ասացի՝ եթե վաղը ձեզ տեղափոխեն այլ պաշտոնի եւ Սունդուկյանի տնօրենին էլ՝ ուրիշ պաշտոնի, գա ինչ-որ մեկը, որ ավելի վատ տրամադրված։ լինի մեր հանդեպ, մեզ հետ ի՞նչ է լինելու»,-ասաց Աշոտ Տեր-Մաթեւոսյանը:Նա մի հատված հրապարակեց Սունդուկյան թատրոնի տնօրենի հարցազրույցից, որտեղ երբ նրան հարցնում են՝ արդյոք «Գոյ» թատրոնի տեսակը չի տուժի, եթե նա տեղավորվի Սուդուկյանի անվան թատրոնի շենքում, նա պատասխանում է. «Իսկ «Գոյ» թատրոնի տեսակի խիստ առանձնահատկությունը ո՞րն է, ես չեմ տեսնում»:«Հիմա ես հարց եմ ուզղում Արա Խզմալյանին եւ Սունդուկյանի տնօրենին եւ բոլորին՝ սա նորմալ պայմաններ են լինելու մեզ համա՞ր: Եթե միայն վերջին արտահայտությունը վերցնենք, արդեն պարզ է, չէ՞, թե ինչ է տեղի ունենալու ներքեւում»,-ասաց դերասանը:Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է մի նախագծին, որով «Գոյ» թատրոնի վարչական հատվածը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախագծին և օրեր առաջ դիմել է գործընկերներին, ընկերներին,  հանդիսատեսին՝ նշելով, որ թատրոնն աջակցության կարիք ունի:

0 comments

Comments


bottom of page