Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի

Համաձայնագրի (հացահատիկային միջանցքի ստեղծման մասին – խմբ.) շնորհիվ շուրջ 20 միլիոն տոննա անցյալ տարվա հացահատիկի բերք կարտահանվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան ուղերձի ժամանակ, փոխանցում է ZN.ua-ն։ «Այս տարի բերքը, իսկ այն արդեն հավաքվում է, եւս կարելի է իրացնել: Դրանք ֆերմերների, ամբողջ գյուղատնտեսության ոլորտի եւ պետական բյուջեի եկամուտներն են։ Դրանք աշխատատեղեր են։ Այժմ մենք արդեն մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ պարենային ճգնաժամի սրությունը նվազեցնելու հնարավորություն է հայտնվել: «Գլոբալ աղետը կանխելու հնարավորություն կա՝ սով, որը կարող է քաղաքական քաոսի հանգեցնել աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ մեզ օգնող երկրներում։ Եւ սա հերթական ցուցադրությունն է, որ Ուկրաինան ի վիճակի է կանգուն մնալ այս պատերազմում»,- հավելել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայից Սեւ ծովով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին:
Comments