top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուկրաինան ՄԱԿ-ին եւ Թուրքիային կոչ է արել բանակցել հացահատիկի համաձայնագրի երկարացման շուրջ



Ուկրաինան դիմումներ է ուղարկել Թուրքիային եւ ՄԱԿ-ին՝ հացահատիկի արտահանման համաձայնագրի երկարացման շուրջ բանակցություններ սկսելու կոչով, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը։ Վասկովի խոսքով՝ դիմումներն ուղարկվել են անցյալ շաբաթ։ Ուկրաինան ցանկանում է երկարաձգել գործարքը առնվազն մեկ տարով՝ դրանում ներառելով Նիկոլաեւի նավահանգիստները։ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ հացահատիկի սեւծովյան նախաձեռնությունը թույլ տվեց 2022 թվականի հուլիսին Ուկրաինային հացահատիկ արտահանել ուկրաինական 3 նավահանգիստներից։ Համաձայնագիրն արդեն երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, որի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ «Մենք նամակ ենք ուղարկել՝ խնդրելով սկսել զբաղվել այս հարցով, քանի որ մարտի 18-ը շատ շուտով է, բայց դեռ որեւէ արձագանք չենք ստացել»,- ասել է Վասկովը։ Ուկրաինան հացահատիկի սեւծովյան նախաձեռնության շրջանակներում ամսական մոտ 3 մլն տոննա գյուղմթերք է արտահանում։ Յուրի Վասկովը նշել է, որ Օդեսայի մարզի նավահանգիստներից միանգամայն հնարավոր է արտահանել ամսական 6 մլն տոննա հացահատիկ, իսկ Նիկոլաեւի նավահանգիստները ծրագրում ներառելու դեպքում այդ թիվը հասցնել 8 մլն տոննայի։ Ծովային ապահովագրության ոլորտում Reuters-ի աղբյուրները ասում են, որ Նիկոլաեւը ծրագրում ներառելը կօգնի արագացնել ուկրաինական մի քանի նավահանգիստներում արգելափակված մոտ 60 օտարերկրյա նավերի ծով դուրս գալը: Ըստ նավագնացության խնդիրների փորձագետների՝ միայն Նիկոլաեւում գտնվում է մոտ 26 նավ։ Հացահատիկի միջանցքը գործում էր՝ օտարերկրացիներին պատկանող նավերի միջոցով։ Այդ գործում նշանակալի դեր ունեին արեւմտյան ապահովագրողները։ 2022-2023 թվականներին հացահատիկի արտահանումը Ուկրաինայից՝ հացահատիկի խոշորագույն արտադրողից եւ արտահանողից, նվազել է գրեթե 27 տոկոսով՝ հասնելով 31,8 միլիոն տոննայի՝ բերքի կրճատման եւ ռուսական ներխուժման հետեւանքով առաջացած լոգիստիկ դժվարությունների պատճառով: Միեւնույն ժամանակ, ըստ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության, չնայած հացահատիկի բերքի կրճատմանը` 2021 թվականի ռեկորդային 86 միլիոն տոննայից 2022 թվականի 54 միլիոն տոննայի, Ուկրաինայի ամբարներում դեռեւս գտնվում է 30 միլիոն տոննա հացահատիկ եւ կարող է արտահանվել:

0 comments

Comments


bottom of page