Ուկրաինայում միակողմանի խաղաղությունը չեն ընդունի ո՛չ Կիեւը, ո՛չ Մոսկվան. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն է անհրաժեշտ, որը կընդունվի հակամարտության երկու կողմերի կողմից, միակողմանի խաղաղություն չի ընդունվի ո՛չ Կիեւի, ո՛չ Մոսկվայի կողմից։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին, ապա մենք ամենասկզբից ջանքեր ենք գործադրում դրա ավարտի համար։ Որքան առաջ է գնում պատերազմը, այնքան ավելի բարդ է։ Մենք նույնիսկ հիմա խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ գոնե հրադադարի մասին»,-ասել է նա Հունգարիայի իր գործնըկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ հակամարտության հենց սկզբից Անկարան խոսում էր այն մասին, որ «այդ պատերազմում հաղթողներ չեն լինի, ինչպես եւ պարտվողներ չեն լինի կայուն խաղաղության պայմաններում»։ «Մենք կշարունակենք մեր ջանքերը, քանի որ հավատում ենք, որ այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ․․․Անհրաժեշտ է խաղաղություն, որը կընդունեն երկու կողմերը։ Դա հնարավոր չէ առանց երկու կողմերի ներգրավվածության։ Միակողմանի խաղաղությունը չի ընդունվի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի կողմից։ Պետք է նայել ճշմարտության աչքերին»,-հավելել է Չավուշօղլուն։
Comments