top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին․ Արցախի ՄԻ պաշտպանի ուղերձը



Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իր գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին, ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Հարգելի տիկին Գրիգորյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։ Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։ Պետականության առաջ ծառացած մարդահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ գոհունակություն և երախտագիտություն եմ հայտնում բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։ Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։

0 comments

Comentários


bottom of page