Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահը կոչ է արել սփյուռքում և Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ սա սրբազան պատերազմ է, Հայրենական պատերազմ է և ցանկություն է հայտնել, որ շարունակվի ազգային համախմբվածությունը, առաջին հերթին՝ օգնելու բոլոր տարհանվածներին։ «Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր քան երբևէ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռական ու վճռորոշ է։ Ուզում եմ, որ այդ աջակցությունը շարունակի մնալ։ Ուզում եմ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ես ուզում եմ մեր հայերը գիտակցեն, որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև, այո՛, նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում են, տառապում են, որովհետև այս ամբողջի պրոբլեմները , հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին, դրա համար մենք պետք է պայքարենք միասնական, աշխարհով մեկ Ադրբեջանի իշխանության դեմ, և այդ պայքարի ձևերը դուք գիտեք։ Պայքարեք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում։ Ես նշել եմ , որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, համախմբվածության առումով և, ուզում եմ, որ պատրաստ լինենք առաջին հերթին, մեր կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին և մեր սերունդների ապագան։ Հաղթանակը մերն է լինելու՝ չկասկածեք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Comments