Search

Ովքե՞ր են լավ և վատ դատավորները. Էլինար Վարդանյան

Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։ Ցավոք, անկախ դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության պատկերացումները էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։ Իշխանություննների պատկերացրած անկախությունը դրսևորվում է դատարանները շրջափակելով, միտինգների հարթակներից և լայվերից սպառնալով, վնգաստացող անվանարկելով, իշխանությունների շահերի հետ չհամընկնող որոշումների համար կարգապահական և քրեական վարույթներ հարուցելով։ «Եթե դատական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո իրենց չարդարացնեն և դատական համակարգի հանդեպ վստահությունը մնա նույն մակարդակում, ապա Սահմանադրական փոփոխությունների ժամանակ կարելի է նախաձեռնել և ներդնել համատարած վեթինգի համակարգ ։»։ Վարչապետի և արդարադատության նախարարի զգուշացումը հասկանալի է, թե ում է ուղղված։ Մի կողմից այս ուղերձի հասցեատերերը այն դատավորներն են, ովքեր կհամարձակվեն կայացնել իշխանությանը չբավարարող որոշումներ, մյուս կողմից՝ հասարակության այն շերտերն են, ում դատարանների մուտքերի շրջափակման ժամանակ վարչապետը համոզում էր, որ հեղափոխությունը ավարտին մոտեցնելու համար անհրաժեշտ է վեթինգի կիրառում։ Առանցքային հարցը, որ անհանգստացնում է վարչապետին, ոնց ենք անելու, որ վատ դատավորները գնան։ Ովքե՞ր են, ըստ վարչապետի լավ և վատ դատավորները։ Ի՞նչ չափանիշներով են որոշվում։ Լա՞վն են, արդյո՞ք, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով ժամանակին դատել էր Նիկոլ Փաշինյանին, և ում ձեռքերով, որպես պատիժ, իշխանությունն իրականացնում էր Մանվել Գրիգորյանի ցուցադրական խոշտանգումը, դատավոր Արմեն Դանիելյանը, ով փաստաբանների կողմից ճանաչվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, ում վարքագիծը և որոշումները դատավարության ընթացքում դուրս են դատավարական որևէ նորմից. Արտյուշա Գաբրիելյանը, ով կալանքի մասին անշեղորեն որոշումներ է կայացնում, Աննա Դանիբեկյանը, ով կարող է անտեսել ՍԴ որոշումը, կարող է համավարակի պայմաններում կալանքի փոփոխման միջնորդության քննարկումը հետաձգել շուրջ երկու ամիս։ Այսպիսի՞ «վստահություն վայելող» դատական համակարգի մասին է խոսքը։ Իսկ վատ դատավոր ասելով, ո՞ւմ նկատի ունեն. Ալեքսանդր Ազարյանի՞ն, Դավիթ Գրիգորյանի՞ն, այն դատավորներին, ովքեր ի հեճուկս իշխանության անմիջական ճնշմանը և սոցցանցային տեռորի, կայացնում են օրենքից բխող որոշումներ։ Դատական համակարգի վերաբերյալ քննարկման օրը պատահական չէր ընտրված, այն նախորդում է Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշման հրապարակմանը։ Այս անգամ ամբիոնից, լայվով բարձրաձայն անվանարկումներ, սպառնալիքներ չհնչեցին, բայց շատ նրբորեն ակնարկ արվեց, որ նույնիսկ համատարած վեթինգի բացակայության պայմաններում, միևնույն է չհնազանդվող դատավորների նկատմամբ ճնշման գործուն մեխանիզմների պակաս չի լինելու։ Այս մոտեցմամբ մենք բաց ենք թողնելու հիվանդ համակարգի առողջացման հնարավորությունը, չենք հրաժարվելու կախյալ դատարան ունենալու ձգտումից, ստեղծելու ենք անկախ արդարադատության համակարգի իմիտացիա և տապալելու ենք մի ամբողջ համակարգ։


Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia