Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով: Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը: Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը: Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը»:
Commenti