Search

Ոսկեվանում հակառակորդի գնդակից երեխա է վիրավորվել


Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը. վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում»,-հայտնել է Ստեփանյանը:

Նա նաև նշել է, որ սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia