top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել. «Զարթոնք»



Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել: Այս մասին հյտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը:


Հայտարարությունում ասվում է. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ համարելով Հայաստանի իշխանության՝ Հայաստանի և Արցախի հետ կապված (1) կործանարար բանակցային ընթացքը և (2) հրապարակային դիրքորոշումները, հարկ է համարում տեղեկացնել հանրությանը՝


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով:


Հայաստանի վարչապետը, կառավարությունը և նույնիսկ Ազգային ժողովն իրավասու չէ Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել:


2. Հայաստանի իշխանությունը չի կարող (իրավունք չունի) Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել, կամ ընդունելի համարել միջազգային կամ ներքին որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:


Այս խնդրի պատմական և բարոյահոգեբանական կողմին չանդրանդառնալով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որոշ ներկայացուցիչների այդօրինակ հրապարակային դիրքորոշումները հակասում են նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. թիվ 0663-1 որոշմանը, ըստ որի Հայաստանի օրենսդիր մարմինը որոշել է՝


1) Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը.


2) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:


3. Թուրքիայի հետ սիրախաղը հանգեցնելու է նաև Թուրքիա-Հայաստան սահմանների պաշտոնական ճանաչմանը և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն:


Հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա սահմանների հետ կապված վերջին միջազգային պայմանագիրը՝ Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից վիճարկման հիմքեր ունի: Մասնավորապես, Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսացել և չի ունեցել անկախ որոշումներ կայացնելու կարողություն:


Պարզ երևում է, որ Հայաստանի իշխանության թշնամասիրությամբ պայմանավորված ընձեռնված հնարավորությունն օգտագործելով Թուրքիան լուծում է նաև այդ խնդիրը:


Հ.Գ. Միջազգային հանրությանը տեղեկացնում ենք, որ խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին, գիտակցությանը և պատմական հիշողությանը, հետևաբար նման իրավասություն և վստահություն չունեցող վարչապետի հետ ծրագիր իրականացնելն ապագա չունի:

0 comments

Kommentarer


bottom of page