Շրի Լանկայի նախագահը երկրի վարչապետին տեղեկացրել է հրաժարական տալու մտադրության մասին
- Anews
- Jul 11, 2022
- 1 min read

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապաքսան պաշտոնապես տեղեկացրել է երկրի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհին, որ պատրաստ է հրաժարական տալ, հաղորդել է Reuters-ը։ Անկարգությունների համատեքստում, որոնց ընթացքում շաբաթ օրը ցուցարարները զավթել էին պետության ղեկավարի նստավայրը եւ տուժել էր ավելի քան 100 մարդ, Ռաջապաքսան հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից հուլիսի 13-ին, նշել է գործակալությունը։ Նրա գտնվելու վայրը նախկինի պես անհայտ է։ Հազարավոր ցուցարարներ հուլիսի 9-ին դուրս էին եկել Կոլոմբոյի փողոցներ՝ նախագահի հրաժարականի պահանջով։ Նրա նստավայրը զավթելուց հետո ցուցարարները հայտարարել էին, որ դուրս չեն գա այնտեղից, մինչեւ որ Ռաջապաքսան հրաժարական չտա։ Ակտիվիստները զավթել էին նաեւ Վիքրամասինգհի նստավայրը։ Նա նույնպես հայտարարել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Ցուցարարների դժգոհությունը պայմանավորված է երկրի տնտեսական վիճակի վատացմամբ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Վիքրամասինգհը ՏԱՍՍ-ի բացառիկ հարցազրույցում, իր երկիրը ժամանակակից պատմության մեջ ամենավատ ճգնաժամի մեջ է գտնվում։ Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հանրապետությունը արտարժույթի, վառելիքի եւ նավթամթերքների, պարարտանյութերի, բնակչության առանձին խմբերի համար մթերքների, դեղամիջոցների լուջ անբավարարություն ունի։ Նրա գնահատականներով՝ տնտեսական ճգնաժամի լիակատար հաղթահարման համար կպահանջվի երեք կամ անգամ ավելի տարի։
留言