Շրի Լանկայի անվտանգության ուժերն ապամոնտաժել են ցուցարարների գլխավոր ճամբարը

Շրի Լանկայի անվտանգության ուժերն ապամոնտաժել են ցուցարարների գլխավոր ճամբարը՝ ցրելով ակտիվիստներին գիշերային գործողության արդյունքում, հաղորդում է AFP-ն: Զորքերն ու ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները՝ զինված մահակներով եւ հրացաններով, հարձակվել են նախագահականի քարտուղարությունն արգելափակող ցուցարարների վրա։ Հարյուրավոր զինվորներ հեռացրել են ցուցարարների բարիկադները ծովի ափին գտնվող շենքի մոտից։ Գործողությունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ այն բանից, երբ երկրի նոր նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեն ընդունել է նոր վարչապետի երդմնակալությունը, որ կփորձի հաղթահարել տնտեսությանը վնաս հասցրած եւ ամիսներ շարունակ բողոքի ցույցերի պատճառ դարձած ֆինանսական ճգնաժամը: Ինքը՝ Վիկրեմեսինգեն, օրենսդիրների կողմից ընտրվել է չորեքշաբթի՝ փոխարինելու Գոտաբայ Ռաջապակսային, որը փախել է Սինգապուր եւ հրաժարական տվել այն բանից հետո, երբ ցուցարարները նրան դուրս են արել պալատից: Մնացած ցուցարարները պահանջել են, որ Վիկրեմեսինգեն նույնպես հեռանա՝ մեղադրելով նրան Ռաջապակսա կլանին պաշտպանելու մեջ։ Հարյուրավոր ակտիվիստներ իշխանությունների գործողությունների դեմ ցույց են անցկացրել մոտակա հատուկ տարածքում՝ պահանջելով Վիկրեմեսինգեի հրաժարականը եւ խորհրդարանի ցրումը՝ նոր ընտրություններ անցկացնելու համար։ Ակտիվիստները պնդել են, որ շարունակելու են պայքարը։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը գործել են, որպեսզի ցրեն ցուցարարներին, որոնք գրավել են նախագահի քարտուղարությունը, գլխավոր դարպասը եւ հարակից տարածքները: Բերման է ենթարկվել ինը մարդ։ Նրանցից երկուսը վիրավոր են։ Կոլոմբոյում ԱՄՆ դեսպան Ջուլի Չանգն ասել է, որ ինքը «խորապես մտահոգված է» այդ քայլից: Կանադայի դեսպան Դեւիդ ՄակՔինոնը հայտարարել է. «Շատ կարեւոր է, որ իշխանությունները զսպվածություն ցուցաբերեն եւ խուսափեն բռնությունից»: Amnesty International-ը կոչ է արել Շրի Լանկայի իշխանություններին հարգել այլախոհությունը եւ դատապարտել է ուժի կիրառումը լրագրողների, այդ թվում՝ BBC-ի լուսանկարչի նկատմամբ:
Comments