Search

Շտապ օգնությանը պետք է դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում


«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորում է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում: Մարտի 23-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում:

«Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կա կասկած կորոնավիրուսի հետ կապված, ապա կարող են զանգել շտապ օգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանո,ց կթեստավորեն և կբերեն տուն: Ոչ, այդպես չէ, նախ ասեմ, որ ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: Դրա համար կան հատուկ ցուցումներ»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Հարցին, թե արդյոք «Շտապ օգնություն» ծառայության բժիշկներից կան ինքնամեկուսացածներ, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չկան: Ինչ վերաբերում է երեք բուժաշխատողին, ապա նրանք Հայաստանում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի հետ են կապված եղել: Ինչպես տեղեկացվել էր, 14 օր մնացել էին ինքնամեկուսացված, նրանց մոտ վարակ չէր հայտնաբերվել, նրանք դուրս են եկել և այժմ անցել են բնականոն աշխատանքի: Ծառայության բժիշկներին տրամադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակից խուսափելու համար:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia