top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են


Շվեդիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ սպասվում է, որ կուժեղանա «Շվեդ դեմոկրատներ» հակամիգրանտական պոպուլիստական կուսակցությունը, որը խոստանում է կասեցնել ավազակությունը եւ վերականգնել շատ մարդկանց սասանված հավատն անվտանգության հանդեպ,տեղեկացրել է AP-ը։ Շվեդ դեմոկրատներն առաջին անգամ խորհրդարանում տեղեր են ստացել 2010թ. եւ ամեն ընտրության ժամանակ ավելի շատ ձայներ են ստանում խորհրդարանում։ Կուսակցության հաջողությունն ավելացել է վերջին տարիներին զանգվածային միգրացիայից (հատկապես Եվրոպայի համար ճգնաժամային 2015թ.) եւ սեգրեգացված շրջաններում հանցավորության աճից հետո։ Կուսակցությունը հիմնվել է մի քանի տասնամյակ առաջ ուլտրաաջերի կողմից, բայց վերջին տարիներին աշխատում է իր իմիջը փոխելու ուղղությամբ։ Երկար տարիներ ընտրողներն այն անընդունելի էին համարում, իսկ մյուս կուսակցություններն աշխատում էին գործ չունենալ նրա հետ։ Հիմա իրավիճակը փոխվում է։ Քվեարկության նախօրեին անցկացված հարցումների կանխատեսումներով՝ շվեդ դեմոկրատները, որոնք 2018թ. 13 տոկոս էին հավաքել, այս անգամ մոտ 20 տոկոս ձայն կստանան եւ կդառնան մեծությամբ երկրորդ կուսակցությունը խորհրդարանում։ Այս ցուցանիշով այն կզիջի միայն վարչապետ Մագդալենա Անդերսոնի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատներին։ Անդերսոնի վարկանիշը բարձր է։ 55-ամյա Անդերսոնը Շվեդիայի առաջին կին վարչապետն է դարձել մոտ մեկ տարի առաջ եւ կառավարությունը գլխավորել է այն պահին, երբ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Ստոկհոլմի համալսարանի սոցիոլոգ Զեթ Իսակսոնը նշել է, որ այդ կնոջ իմիջին նպաստել է աշխատանքի փորձը կառավարությունում, սկզբում որպես ֆինանսների նախարար, ճգնաժամերի ժամանակ, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, իսկ որպես վարչապետ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության բանակցությունների ժամանակ։ «Մագդալենա Անդերսոնն այս ընտրությունների ամենակարեւոր գործոններից է,- ասել է նա The Associated Press-ի հարցազրույցում։- Բայց շատ ընտրողներ հոգնել են նրա կուսակցությունից, որն իշխանությունում է արդեն ութ տարի՝ նրան մեղադրելով բարձր հարկերի եւ հրաձգությունը դադարեցնել չկարողանալու մեջ, ինչը Շվեդիան դարձրել է Եվրոպայի ամենադաժան երկրներից մեկը»։ Երկրում գոյություն ունի երկու հիմնական դաշինք՝ մեկը ձախակողմյան չորս կուսակցություններից եւ մյուսը՝ աջակողմյան չորս կուսակցություններից։ Ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ այդ դաշինքները գրեթե նույն ցուցանիշներն ունեն։ Անգամ եթե Անդերսոնի կուսակցությունընամենից շատ ձայներ հավաքի, եթե ձախ բլոկը ցածր արդյունքներ ունենա, նա չի կարողանա կառավարություն ձեւավորել՝ խորհրդարանում մեծամասնությամբ։ Այդ դեպքում կառավարություն ձեւավորելու շանսը կանցնի երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությանը։ Շվեդ դեմոկրատները շաբաթն օրն ավարտել են իրենց ընտրարշավը ռոք երաժշտության միջոցառմամբ, Ստոկհոլմի կենտրոնում, խորհրդարանի շենքից մի քանի մետր հեռու։ Կուսակցության 43-ամյա առաջնորդ Ջիմի Ակեսոնը, որն օգնել է կուսակցության իմիջը թարմացնելուն, կուսակցության խորհրդարնշանով՝ մարգարտածաղկով զարդարված բեմից դիմել է համախոհներին։ Կուսակցությունն ակնհայտորեն որսացել էր հասարակության տրամադրությունները, մյուս կուսակցությունները նույնպես մոտ են նրա դիրքորոշմանը, քանի որ շատ շվեդներ համարում են, որ այլեւս չեն կարող փախստականների հանդեպ երկրի շռայլ քաղաքականության հետ կապված ծախսեր ունենալ։ Հանցավորության աճը ձախերի կառավարման ութ տարում նույնպես նրանց համոզում է շանս տալ դեմոկրատներին։ Խորհրդարանում «Շվեդ դեմոկրատների» պատգամավոր, 26-ամյա Թոբիաս Անդերսոնը, որը հավակնում է երկրորդ անգամ ընտրվել, ասել է, որ հակառակորդներն անարդարացիորեն իր կուսակցությունը ռասիստական են անվանում, որովհետեւ այն ծառայում է իրենց շահերին։ «Ես դեռ չէի ծնվել, երբ հիմնվել է իմ կուսակցությունը, եւ ինձ չի հուզում, թե ով է հիմնել այն։ Ես նայում եմ արժեքներին եւ քաղաքականությանը, որոնց այսօր մենք աջակցում ենք»,- ասել է նա AP-ին կուսակցության հանրահավաքի ժամանակ։ Նա ասել է, որ մյուս կուսակցությունները, որոնք «Շվեդ դեմոկրատներին» մեղադրում էին ռասիզմի մեջ, հիմա «իրենք են վարում նույն քաղաքականությունը»։

0 comments

Comments


bottom of page