top of page

Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»

  • Anews
  • Aug 25, 2022
  • 1 min read



Գերմանիան ֆինանսական, ռազմական եւ քաղաքական աջակցություն կտրամադրի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է» արեւելաեվրոպական երկրին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Twitter-ի միկրոբլոգում չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին հրապարակված տեսաուղերձում, որը նա հասցեագրել է ուկրաինացիներին՝ իրենց պետության անկախության օրվա կապակցությամբ, գրում է Deutsche Welle-ն։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան «վճռականորեն կանգնած է Ուկրաինայի կողքին, որն ուղիղ կես տարի պաշտպանվում է ռուսական լայնամասշտաբ ներխուժումից»։

«Մենք կշարունակենք զենք մատակարարել՝ ինքնագնաց հաուբիցներից մինչեւ զենիթահրթիռային համակարգեր, ամիս առ ամիս»,- խոստացել է Գերմանիայի կանցլերը։

Բացի այդ, Գերմանիան կշարունակի վերապատրաստել ուկրաինացի զինծառայողներին եվրոպական ամենաարդիական ռազմական տեխնիկայի օգտագործման հարցում, հավելել է նա։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, որը պատերազմ է սանձազերծել, կաջակցի Ուկրաինային երկրի վերականգնման գործում, ինչպես նախկինում, երկաթուղով կտեղափոխի ուկրաինական հացահատիկը, կընդունի ուկրաինացի փախստականներին եւ կբուժի վիրավորներին գերմանական հիվանդանոցներում»,- ասել է Շոլցը:

«Մեր սահմանները եւ մեր սրտերը բաց են մնում բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են եղել փախչել ռուսական ահաբեկչությունից»,- հավելել է նա։

 
 
 

Comments


bottom of page