Շոլցը ԵՄ-ի ընդլայնման եւ ավելի մեծ ռազմական ինքնավարության կոչ է արել
- Anews
- Oct 16, 2022
- 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ-ի ընդլայնման եւ ավելի մեծ ռազմական ինքնավարության կոչ է արել, գրում է AP-ը։ Ելույթ ունենալով Բեռլինում Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում՝ Շոլցը հանդես է եկել արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ հարկային քաղաքականության մեջ որոշումների կայացման ժամանակ միաձայնության սկզբունքի աստիճանական վերացման օգտին։ «Եթե մենք ձգտում ենք դեպի աշխարհաքաղաքական Եվրոպա, ապա մեծամասնության որոշումները ձեռքբերում են, ոչ թե ինքնիշխանության կորուստ»,-ասել է նա։ Ներկայումս ԵՄ շատ որոշումներ կարող են ընդունվել միայն այն դեպքում, եթե բոլոր երկրները քվեարկեն միաձայն։ Շոլցը նաեւ աջակցում է ԵՄ ավելի մեծ ռազմական ինքնավարությանը: Նա կոչ է արել համակարգված կերպով ձեռք բերել սպառազինություններ եւ սարքավորումներ, ստեղծել ԵՄ արագ արձագանքման ուժեր մինչեւ 2025 թվականը եւ ԵՄ կենտրոնակայան եվրոպական զինված ուժերի համար: «Եվրոպայում մենք պետք է բարելավենք փոխգործակցությունը մեր պաշտպանական ջանքերի միջեւ»,-ասել է նա։ Շոլցը կոչ է արել ընդլայնել Եվրամիությունը՝ հայտարարելով, որ այն ավելի լավ վիճակում կլինի համաշխարհային գործերի վրա ազդելու համար։ «ԵՄ-ն, որը ներառում է 27, 30, 36 պետություններ, ինչպես նաեւ ավելի քան 500 միլիոն ազատ եւ իրավահավասար քաղաքացիներ, կարող է ավելի ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում»,- ասել է Շոլցը։
Comments