top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նուբար Աֆեյանը Վաղարշապատում այցելել է FAST-ի «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի աշակերտներին


Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը փորձարկող Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց է այցելել մարդասեր, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը։

Ինչպես տեղեկացրին FAST-ից, դոկտոր Աֆեյանը հանդիպել է ծրագրի աշակերտների հետ, ծանոթացել նրանց առաջին նախագծերին և ոգևորել սովորողներին զարգացնելու նորարարության ձգտումն ու ստեղծարար միտքը։ Նրան միացել էր դոկտոր Արմեն Մկրտչյանը, որը գլխավորում է Pioneering Intelligence-ը՝ նախաձեռնություն՝ կոչված ընդլայնելու արհեստական բանականության կիրառությունը  Flagship Pioneering-ում և դրա պորտֆելի մեջ մտնող ընկերություններում։

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը մեկն է հանրապետության այն 15 ավագ դպրոցներից, որոնք 2023 թվականի սեպտեմբերից փորձարկում են «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչը։ FAST-ի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ  իրականացվող այս ծրագիրը ներգրավել է 540 աշակերտ։ Ուսուցիչների և ԱԲ ոլորտի մասնագետների աջակցությամբ աշակերտներն ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանը գիտությամբ և նորարարությամբ առաջատար երկիր դարձնելու առաքելությամբ: Հիմնադրամն իրականացնում է նախագծեր կրթության, գիտության և գիտական արդյունքի առևտրայնացման ուղղություններում: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 15 հազար շահառուի համար։ 

«ԱԲ սերունդ» դպրոցական նախագիծը նույնանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որն իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ ոլորտային կառույցների գործակցությամբ։ Ծրագրի նպատակն արհեստական բանականության ոլորտի նորարարի և հետազոտողի ողջ կրթական ուղու ձևավորումն է՝ սկսած ավագ դպրոցից։ Մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։



0 comments

Comentários


bottom of page