Նոր ՆԳՆ-ի հիմքը կլինի ԱԻՆ-ը, իսկ սիրտը՝ Ոստիկանությունը․ Արդարադատության նախարար
Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագծի վրա աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 12-ին ՆԳՆ կազմավորման քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ լսումների ավարտից հետո 10 օրվա ընթացքում Արդարադատության նախարարությունը քննարկումների մասնակիցներից տարբեր առաջարկներ կսպասի՝ համապատասխան օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ։ Միաժամանակ, այս տարվա սեպտեմբերին օրենսդրական նախաձեռնությունը կուղարկվի խորհրդարան՝ քննարկման։ «Կուզեի ընդգծել, որ սա ոչ թե վերականգնում է, այլ հենց նոր նախարարության ստեղծում, ինչը Հայաստանի իրավապահ համակարգի համար շատ կարեւոր քայլ է»,- պարզաբանեց Անդրեասյանը։ Ներքին գործերի նախարարության ստեղծման հայեցակարգը, որը կներկայացվի լսումների ժամանակ, ինչպես նշեց ԱՆ ղեկավարը, բոլորովին նոր է։ Սա, ըստ նրա, բոլորովին այլ՝ նոր մոտեցում է։ «Սա չի դառնա Ոստիկանության սովորական վերանվանում ՆԳՆ-ի։ Ոստիկանությունը կպահպանի իր, անկասկած, կարեւոր դերը, բայց կդառնա քաղաքացիական կառույցի «սիրտն» ու կարեւոր մասը, ինչպիսին կլինի ՆԳՆ-ն»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։ Անդրեասյանը միաժամանակ նշեց, որ ՆԳՆ, այնուամենայնիվ, զրոյից չի ստեղծվելու։ Բարեփոխման ավելի օպերատիվ իրականացումն ապահովելու շահերից ելնելով, ՆԳՆ-ի ստեղծման հիմքը կլինի գործող նախարարություններից մեկը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մենք ուզում էինք գտնել այնպիսի լուծում, որը պետության համար լրացուցիչ ծախսերի եւ լրացուցիչ բեռի չէր բերի։ Մենք որոշեցինք ոչ թե «հավաքել» գերատեսչությունը զրոյից, այլ Ոստիկանությունում առկա հարուստ ներուժը համատեղել գործող քաղաքացիական կառույցներից մեկի հետ՝ դրանով իսկ ստեղծելով նոր, բավականին հետաքրքիր կառույց։ Մենք մտադիր ենք ապահովել Փրկարար ծառայության, Ոստիկանության եւ այլ շատ կարեւոր ծառայությունների համադրումը։ Եվ այս տեսանկյունից ՆԳՆ-ի կառուցվածքը կլինի շատ հարուստ եւ լավ փոխկապակցված։ Միաժամանակ կխնայվեն հսկայական ռեսուրսներ»,- հավաստիացրեց Կարեն Անդրեասյանը։
Comments