top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նոր հեռանկարներ «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ


ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը եւ քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաեւ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաեւ միջազգային գործընկերության ոլորտը:

Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված եւ ներկայումս կյանքի կոչվող ծրագրերը: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման, գիտակրթական գործունեության մեջ նորարարության ներդրման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացվող քաղաքականության տիրույթում համագործակցության, այդ թվում եւ սփյուռքի ներուժի ներգրավման շուրջ:

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Ծրագրերն իրականացվում են հիմնական 3 ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն եւ գիտահետազոտական արտադրանքի առեւտրայնացում: Այս ընթացքում իրականացվել է 26 ծրագիր:

Ներկայացնելով FAST-ի գործունեությունը՝ համագործակցության եւ ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը պատմել է գիտական հանրության աջակցությանն ուղղված ծրագրերի մասին, որոնց թվում՝ 2018-2019 թվականներին իրականացրած ասպիրանտների համար կրթաթոշակային ծրագրի՝ Գիտության կոմիտեի համագործակցությամբ, գործընկերային հետազոտությունների համար ճամփորդական դրամաշնորհի եւ «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի մասին:

Այս պահին «ADVANCE» ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է 2 ծրագիր՝ 4 տարի ժամկետով եւ տարեկան 45-65 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ: Դրանց շրջանակում իրականացվում է հետազոտական աշխատանք, որի գիտական ղեկավարները միջազգային համալսարանների եւ գիտական կենտրոնների ղեկավար պաշտոններում աշխատող սփյուռքահայ գիտնականներ են:

Առանձնահատուկ շեշտադրվել է FAST-ի կողմից իրականացվող Կենսագիտական ինկուբատոր–բաց լաբորատորիայի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ պետության կողմից 60 մլն դրամի տրամադրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` լաբորատոր տարածքը վերանորոգելու նպատակով: Համագործակցության շրջանակում «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը» լաբորատորիան կապահովի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա կենսագիտության ոլորտում գործող ստարտափներին եւ հետազոտական թիմերին իրականացնելու գիտական վարկածի փորձարկման աշխատանքները:

Որպես հետազոտական արդյունքների առեւտրայնացման ոլորտում հաջող փորձառություն է ներկայացվել Առաջատար լուծումների կենտրոնի (Advanced Solutions Center – ASCENT) աշխատանքները, որոնց շրջանակում հետազոտական 6-հոգանոց թիմը ստեղծել է արհեստական բանականության հիմքով դեղանման միացություններ գեներացնող ալգորիթմ, որն ունիվերսալ է եւ կարող է ստեղծել դեղանման միացություններ ցանկացած մոլեկուլային թիրախի դեմ: Առաջիկայում նախատեսվում է փորձարկել մոլեկուլները:

Նախարար Վահրամ Դումանյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին՝ հատկապես կարեւորելով արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանում. «Այս ոլորտը ժամանակի հրամայականն է, եւ տեղական մասնագետներ պատրաստելը մեր առաջնային խնդիրներից է»:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «SciNova» կրթական ծրագրին, ինչպես նաեւ «1991 ստորաբաժանում» ծրագրին, որի շրջանակում հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու համար։ Հիմնադրամն իրականացնում է նաեւ նեղ մասնագիտացված դասընթաց արհեստական բանականության ոլորտում ստորաբաժանում ընդունված զինծառայողների համար, ինչպես նաեւ տրամադրում է գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական նախագծերի կառավարման աջակցությունը «1991 ստորաբաժանում» արհեստական բանականության խմբին։

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակներից է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար եւ գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները եւ զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաեւ ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Այս ծրագրի շրջանակում քննարկվել են նաեւ տարկետման պայմանների վերանայման, բանակի եւ բարձրագույն կրթության արդյունավետ համատեղմանն առնչվող խնդիրներ՝ կարեւորելով կրթության անընդհատությունը հատկապես արագ զարգացող մասնագիտությունների դեպքում:

Հիմնադրամի առաջիկա գործողությունները պլանավորվում են հետեւյալ ոլորտներում՝ արհեստական բանականություն, կենսաբանական տեխնոլոգիաներ եւ ռոբոտաշինություն, որոնցում, ըստ հիմնադրամի հետազոտությունների, Հայաստանը համաշխարհային մակարդակի մրցունակություն դրսեւորելու ներուժ ունի: Հիմնադրամը նպատակ ունի առաջիկա 5 տարիներին մեծացնել «Առաջնային խնդիրներից են ստեղծել մասնագիտական այնպիսի միջավայր, որ ծրագրում ներգրավեն բակալավրիական եւ մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներին՝ նրանց մեկ քայլ առաջ դեպի գիտություն տանելու նպատակով, ինչպես նաեւ սփյուռքի հայ երիտասարդ գիտնականների համար ստեղծել միջավայր ծրագրի շրջանակում գալ Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page