top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում


Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը։ Մինչ պետական բարձր պարգևները ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով․

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Կառավարության հարգելի անդամներ, պետական այրեր,

Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ,

Սիրելի հայրենակիցներ,

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով:


Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի միանգամից 55 գործող զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը այստեղ ներկա են, և շքանշանները անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգևատրվածները անձամբ ներկա չեն հետևյալ պատճառով. նրանք այս պահին էլ իրականացնում են Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը:

Բայց այս բացառիկ իրավիճակի կարևորագույն դրվագը դեռ առջևում է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման:

Քիչ անց այստեղ՝ մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում, Ազգային հերոսի կոչումը հավաստող «Հայրենիքի» շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում:

Հենց սրանում է այսօրվա իրադարձության ամենակարևոր առանձնահատկությունը: Մեր պատմության՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգևատրվել է հետմահու, ազատամարտի, Զինված ուժերի հետ առնչություն ունեցող մեր բոլոր ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու, և պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ:

Եվ ուրեմն՝ ինչի՞ մասին է այս իրադարձությունը: Այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է: Այն ոչ միայն պատմություն է, այլեւ այսօրվա և վաղվա չընդհատվող իրադարձություն՝ կոնկրետ գործող անձանցով, օրով, ժամով, տեղով:

Այսօրվա մեր պարգևատրվածները և այսօրվա մեր ազգային հերոսը մեր լեգենդար հերոսների մարմնացումն են, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր այսօրվա կյանքում, մեր այսօրվա հոգեբանության ու մտածողության արտացոլումը, երբ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդությանը կարող ենք ապացուցել, ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլեւ հենց այստեղ են, մեր կողքին:

Նրանք ապրում են մեզ հետ՝ նույն շենքում, նույն քաղաքում, նույն գյուղում, նրանք ունեն նույնպիսի դժվարություններ ու հոգսեր, ինչպես բոլորը, բայց նրանք հերոսացել են, ուրեմն՝ մենք էլ կարող ենք, մեզնից

յուրաքանչյուրը կարող է, և մեր պարտքն է հերոսանալ ամեն օր և ամենուր, յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ, մեր ամենօրյա պահվածքի մեջ, հայրենիքի մասին մտածելու և հանուն հայրենիքի գործելու մեր գործելակերպի մեջ, որովհետև այսօրվա պարգևատրվողների օրինակով ահա, հերոսությունը այլևս ոչ թե գերմարդկային ճիգ է, այլ ամենօրյա աշխատանք, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն:

Հարգելի ներկաներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա մեր բոլոր պարգևատրվողները Տավուշի մարզում տեղի ունեցած հուլիսյան հաղթական մարտերի

ակտիվ մասնակիցներ են, հուլիսյան հաղթանակի կերտողներ: Աշխարհագրական կամ նույնիսկ ռազմական առումով տեղային այդ մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհքաղաքական չափազանց մեծ նշանակություն ունեցան, կարևոր արդյունքներ գրանցեցին, և առիթը պատեհ է, որ մենք արձանագրենք, թե որոնք են հուլիսյան հաղթական մարտերի արդյունքները Հայաստանի համար:


Արդյունք առաջին – Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ չսկսելն արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլև միջազգային հանրությանը, որովհետև ըստ նրանց կառուցած տրամաբանության՝ վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ, ընդհուպ 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը:

Սրա հիման վրա երկար տարիներ ձևավորվում և մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, և Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:

Արդյունք երկրորդ – Մեր կառավարությունն արդեն ավելի քան երկու տարի միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաև հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը: Մենք հստակ ասել ենք, որ որևէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, և այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան: Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ:

Արդյունք երրորդ – Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ: Տվյալ դեպքում խոսում եմ ոչ միայն բոլորին տեսանելի ու լայնորեն քննարկվող, այլև ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են

ռազմավարական և մարտավարական բովանդակությանը: Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը: Այսօր ըստ էության ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն: Շատերը գուցե չգիտեն, գուցե ուշադրություն չեն դարձրել, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել, ունեցել ենք միայն մեկ թեթև վիրավոր՝ այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ «Անվախ» դիրքը և հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ հատուկջոկատայինների զանգվածային հարձակումների թիրախում: Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ:

Արդյունք չորրորդ – Արդեն երկար ժամանակ մենք խոսում ենք Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին և այս ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն: Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը և ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր և կայուն տեղն արձանագրելու հնարավորություն: Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկատվություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության և Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում: Ընդ որում՝ Հայաստանում արտադրված և արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ Հայաստանում արտադրվածների:

Արդյունք հինգերորդ - Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը: Բայց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, մի կողմից, հստակեցրեցին ոչ միայն մեզ, այլև ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից՝ ամրապնդեցին մեր վստահությունը մեր ռազմավարական դաշնակիցների և գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության և կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը, ինչի մասին խոսել եմ հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցած՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Հարգելի ներկաներ,

Սիրելի հայրենակիցներ,

Հուլիսյան հաղթական մարտերով մենք թեւակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի

ռազմաքաղաքական, տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել են, բայց մեծացել են նաև մարտահրավերները ևպատասխանատվությունը: Այդ պատասխանատվությունը մեզնից պահանջում է գերմարդկային ճիգեր և նվիրում: Բայց, ինչպես արդեն ասացի, այսօրվա այս հանդիսավոր արարողությունն այն մասին է, որ գերմարդկայինը մեզ համար այլևս մարդկային է, առօրեական, աշխատանքային, և մեր այսօրվա պարգևատրվողները դրա վառ ապացույցն են, դրա օրինակը և առհավատչյան: Ու մենք կհաղթենք:

Եվ ուրեմն,

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ Հայոց բանակը,

Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք Ազատ, Հաղթական և Երջանիկ Հայաստանում:

Շնորհակալ եմ»:



0 comments

Comentários


bottom of page