Ներկայացվել է ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգի նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու նախագիծը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է: Փորձաքննության ներկայացվող աշխատանքի ընդհանրական պահանջներն են. ուսումնական նյութը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, ուսումնական նյութը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործվեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ, ուսումնական նյութի մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին, ուսումնական նյութը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը, սովորողներին ուղղված ուսումնական նյութը պետք է լինի մատչելի՝ համապատասխանելով տվյալ տարիքի սովորողի լեզվամտածողությանը, խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառի պարզ օրինակներ, վարժություններ՝ ըստ անհրաժեշտության, մանկավարժական աշխատողներին ուղղված ուսումնական նյութը պետք է համապատասխանի նրանց մասնագիտական զարգացման կարիքներին, ուսումնական նյութի մեջ պետք է, ըստ անհրաժեշտության, օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլն՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով անհարկի կրկնություններից: Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է փորձաքննության ներկայացված ուսումնական նյութի ամբողջական վերլուծությունը` ներառելով փաստարկներ և հիմնավորումներ հեղինակային աշխատանքի՝ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, ուսումնական հրատարակության բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն, մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ: Ուսումնական գրականության փորձաքննությունն իրականացնում է ԿԶՆԱԿ-ը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների, հանրակրթական, նախադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների և, ըստ անհրաժեշտության, ԳԱԱ համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ: Նախարարությունն իրավասու է ուսումնական նյութի փորձաքննությունը պատվիրել և իրականացնել նաև այլ կազմակերպությունների միջոցով` կարգի պահանջներին համապատասխան: Փորձաքննությունը վճարովի է. 1 մամուլի համար՝ 15000 ՀՀ դրամ: Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով ուսումնական նյութը երաշխավորվում է գործածության: Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հունվարի 4-ը:
Comments