top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ներդրվում է պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: «Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: Ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն: Պայմանագիր կնքած զինծառայողները եւս ենթակա են լինելու ատեստավորման եւ դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրի զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում եւ զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինծառայությաբն չծառայած մասը: Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինծառյություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը ավարտվում է 23-ի հունվարին»,-ասաց Պապիկյանը: Նա նաեւ կոչ արեց նախագծի ընդունումն ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա պրոֆեսիոնալ բանակին անցմն քայլերից մեկն է: Նա հավելեց, որ եթե պարտադիր զինծառայողները 5 տարով պայմանագիր կնքեն եւ դառնան պայմանագրային զինծառայողներ, եւ անցնեն ատեստավորում, նրանց աշխատավարձը կկրկնապատկվի:

0 comments

Comments


bottom of page