Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանին օգնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի, շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսեցինք 907 բանաձեւի մասին եւ հաջորդ տարի օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին».- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քննարկվել է նաեւ հայ ռազմագերիների մասին հարցը. «Խոսեցինք Հայաստանի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի եւ բոլոր խնդիրների մասին»։
Հարցին, թե 907 բանաձեւի մասին ի՞նչ դիրքորոշում է հայտնել Նենսի Փելոսին, Սաղաթելյանը պատասխանեց.
«907 բանաձեւի մասին ասացին, որ քննարկելու են, միայն հայտարարություններով չեն բավարարվելու։ Վերադարձից հետո Կոնգրեսում քննարկվելու եւ բարձրաձայնվելու են այս խնդիրները»։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։
Comments