ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Թուրքիայի անդամակցությունը դադարեցնելուն
ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Թուրքիայի անդամակցության դադարեցմանը։ Այս մասին Financial Times-ում հրապարակված նամակում գրել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, «Թուրքական դեմոկրատիա» նախագծի գլխավոր տնօրեն Մարկ Ուոլեսը եւ նախագծի գործադիր տնօրեն Մադլեն Ջոելսոնը։ «Գիդեոն Ռահմանի (FT-ի մեկնաբան – խմբ.) կարծիքով՝ ՆԱՏՕ-ի անդամները պետք է պատրաստ լինեն սակարկելու Ստամբուլի Գրանդ-բազարում, եթե ցանկանում են, որ Թուրքիայի բռնապետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ռահմանը ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է տնտեսական օգնություն ցուցաբերել սկանդինավյան հարցում համագործակցության դիմաց։ Այս ռազմավարության խնդիրն այն է, որ այն խրախուսում է Էրդողանի վարքագիծը։ Դա նրան կմղի նոր զիջումներ պահանջել հաջորդ անգամ, երբ ՆԱՏՕ-ն միաձայն քվեարկության կարիք ունենա, որպեսզի կանխի ճգնաժամը։ Դաշինքից ստացված յուրաքանչյուր զիջում կներկայացվի որպես Էրդողանի դիվանագիտական հաղթանակ՝ օգնելով նրան ներքին աջակցություն ստանալու եւ հաջորդ տարի վերընտրվելուն նպաստելու գործում։ Էրդողանն առայժմ գիտի, որ դաշինքի անդամները չեն ցանկանում վերջնական քայլ կատարել Թուրքիան դաշինքից հանելու ուղղությամբ, անգամ եթե ժամանակավորապես, եւ նա նախկինի պես առավելություն կունենա բանակցություններում։ Եթե ՆԱՏՕ-ի կանոնները փոխվեին՝ անդամ պետություների ժամանակավոր հեռացման հարցը լուծելու համար, մինչեւ որ նրանց ղեկավարները չեն կողմնորոշվի դաշինքի արժեքների եւ շահերի հարցում, Էրդողանը կհասկանար իր գործողությունների իրական տնտեսական եւ ռազմավարական հետեւանքների հեռանկարը։ Ինչպես նշել է Ռահմանը, թուրքական ապրանքների Սաուդյան Արաբիայի բոյկոտը, այլ ոչ թե տնտեսական օգնության առաջարկն է Էրդողանին մղել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնում փնտրել։ Եթե ցանկանում եք արդար գին ստանալ Գրանդ բազարում, սկզբում պետք է իմանաք, թե որտեղ են ելքերը»։
Kommentare