ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո Twitter-ում գրել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Մենք քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների կարգավիճակը՝ Ժնեւում ԱԳՆ (ղեկավարների) կիրակնօրյա հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։ Ինչպես արդեն հաղորդվել է, Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ։ Նախօրեին Ժնեւում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում նշվել է սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդրման կարեւորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման, այդ թվում՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման շուրջ։ Կողմերը դրական են գնահատել փոխըմբռնումը, որ ապաշրջափակման ենթակա տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պետք է լինեն երկրների իրավասության եւ ինքնիշխանության ներքո։
Commentaires