ՆԱՏՕ-ի խմբավորումը Ռուսաստանի սահմանների մոտ փետրվարից թվաքանակն ավելացրել է 2,5 անգամ. Շոյգու
ՆԱՏՕ-ի բազմազգ խմբավորումը՝ դաշինքի արտատարածաշրջանային անդամների զորքերի մասնակցությամբ՝ Ռուսաստանի սահմանների մոտ փետրվարից ավելացել է 2,5 անգամ՝ մինչեւ ավելի քան 30 հազար մարդ, եւ կարող է էլի ավելանալ, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի եւ Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաեւ Բալթյան երկրներում տեղակայվել են ՆԱՏՕ-ի արտատարածաշրջանային պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ։ Ստեղծվում են նոր բազմազգ գումարտակների տակտիկական խմբեր Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում։ Խմբավորման թվաքանակը 2022թ. փետրվարից ավելացել է 2,5 անգամ եւ կազմում է ավելի քան 30 հազար մարդ, իսկ մոտ ապագայում կարող է ավելանալ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ Արեւմուտքի հետ առճակատման խորացումը եւ ՆԱՏՕ-ի բազմազգ խմբավորման թվաքանակի ավելացումն արեւելյան թեւում սպառնում են ոչ միայն Ռուսաստանին։ «Հարվածի տակ կհայտնվեն նաեւ մեր դաշնակիցները, առաջին հերթին՝ եղբայրական Բելառուսը»,- ասել է նախարարը։ «Հունիսի վերջին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը անվանվել է անվտանգության սպառնալիքների գլխավոր աղբյուր։ Այս առնչությամբ դաշինքը մտադիր է «առաջավոր ներկայության միջոցով Ռուսաստանի զսպումից» հավաքական պաշտպանության լիածավալ համակարգի ստեղծման անցնել «արեւելյան թեւում»՝ մեր սահմանների մոտ»,- ասել է նախարարը։
Commentaires