ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային աջակցությունը. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն կմեծացնի աջակցությունն Ուկրաինային՝ միաժամանակ շարունակելով ամրապնդել զսպումն ու պաշտպանությունը եւ ավելացնելով պաշարները: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարները որոշումներ են ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքի զսպման եւ պաշտպանության հետագա ամրապնդման վերաբերյալ, որոնք ներառում էին ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման նոր ուղեցույցի հաստատումը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները նաեւ քննարկել են արդյունաբերական ներուժի ավելացման եւ սպառազինությունների ու զինամթերքի պաշարների համալրման ուղիները, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն, քան երբեւէ՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աննախադեպ աջակցությունը:
Այս միջոցառումները ներառում են արդյունաբերական կարողությունների զարգացման եւ արդյունաբերության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի թիրախների վերանայումը զինամթերքի պաշարների վերաբերյալ: Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցները համաձայնել են պաշտպանական արդյունաբերության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությանը՝ արդյունաբերական կարողությունների զարգացման համար, եւ արդեն վերանայում են ՆԱՏՕ-ի՝ զինամթերքի պաշարների վերաբերյալ թիրախային ցուցանիշները։
Սթոլթենբերգը հայտարարել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում ստորջրյա ենթակառուցվածքների համակարգման խմբի ստեղծման մասին: «Սա կհեշտացնի փոխգործակցությունը արդյունաբերության հետ եւ կմիավորի ռազմական եւ քաղաքացիական հիմնական շահագրգիռ կողմերին», - ասաց նա:
Նախարարները քննարկել են նաեւ պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացման կարեւորությունը եւ 2024 թվականից հետո հետագա պարտավորությունները:
«Երեքշաբթի դաշնակիցները հանդիպել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ տեղում իրավիճակը եւ Ուկրաինայի ամենահրատապ ռազմական կարիքները քննարկելու համար: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին՝ իրենց նշանակալի ներդրման համար ՆԱՏՕ -ի ներուժի զարգացման փաթեթում, որով Ուկրաինային սնունդ, վառելիք, բժշկական պարագաներ, անօդաչուների դեմ պայքարի սարքավորումներ եւ ամֆիբիա կամուրջներ են մատակարարվում»,- նշվում է հաղորդագրությունում։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները նաեւ համաձայնել են ուժեղացնել իրենց աջակցությունը «վտանգի գոտում գտնվող» մյուս գործընկերներին՝ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովային:
Commentaires