«Նանմանդոլ» թայֆունը Ճապոնիայում տարհանումների պատճառ է դարձել
Ճապոնիայի հարավին մոտեցող «Նանմանդոլ» հզոր թայֆունը կիրակի օրը ուժեղ քամիների եւ հորդառատ անձրեւի պատճառ է դարձել տարածաշրջանում՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ եւ կաթվածահար անելով ցամաքային ու օդային տրանսպորտը. հազարավոր մարդկանց տարհանել են, հայտնում է AP լրատվական գործակալությունը: Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ թայֆունը գտնվում է Յակուշիմա հարավային կղզու մոտ, ունի 162 կիլոմետր ժամում քամու առավելագույն արագություն եւ դանդաղ շարժվում է դեպի հյուսիս՝ դեպի երկրի գլխավոր հարավային կղզի՝ Կյուսյու: Նախատեսվում է, որ այն երեքշաբթի կտեքվի դեպի արեւելք եւ կհասնի Տոկիո: Գործակալությունը կանխատեսել է մինչեւ 50 մմ տեղումներ եւ նախազգուշացրել է հնարավոր ջրհեղեղների եւ սողանքների մասին: տեղական իշխանությունները լուրջ ավերածությունների եւ վիրավորների մասին չեն հաղորդել. հայտնի է, որ Կյուսյու կղզում ավելի քան 93 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ էլեկտրահաղորդման գծերի եւ սարքավորումների վնասվելու պատճառով։ Ճապոնական ավիաուղիների եւ All Nippon Airways ավիաընկերության տվյալներով՝ չեղարկվել են հարյուրավոր թռիչքներ:Հասարակական տրանսպորտը առժամյա դադարեցրել է գործունեությունը, այդ թվում՝ գնացքները եւ ավտոբուսները:
Comentários