top of page
Search

Նախորդ տարվա սեպտեմբերից Հայաստանի մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում. ԿԳՄՍ



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ նրան ներկայացրել վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի մանրամասները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում: «Շատ արդյունավետ այց էր, որի շրջանակում հնարավորություն ունեցանք քննարկելու համագործակցության հեռանկարները ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Մի շարք նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին և նոր հուշագրեր ստորագրվեցին, որոնք, վստահ եմ, նպաստելու են բոլոր ուղղություններով մեր համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը»: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը, որի շրջանակում մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են նախատեսվում: Մասնավորապես, քննարկվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերակառուցված շենքի բացման արարողությունը մշակույթի օրերի շրջանակում կազմակերպելու հնարավորությունը: Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հայկական կողմի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումն իրենց համար մեծ կարևորություն ունեն: Գիորգի Շարվաշիձեն հույս է հայտնել՝ իր գործունեությամբ կկարողանա նպաստել երկու երկրների երիտասարդների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը և փոխճանաչման մակարդակի բարձրացմանը: Դեսպանը կարևորել է մշակույթի օրերի անցկացումը՝ ընդգծելով, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում: «Գիտեմ, որ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում եք և աշխատանքներ եք տանում նաև բուհերի միջազգայնացման ուղղությամբ: Սա շատ ողջունելի է, և կարծում եմ՝ ընդլայնում է այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- նշել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների տարբեր ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, տեղեկացրել է՝ Վրաստան կատարած այցի շրջանակում համագործակցության երկու հուշագրեր են կնքվել հայկական և վրացական երկու դպրոցների և երկու բուհերի միջև: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին և այս համատեքստում Հայաստանում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ուսուցմանը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից հայաստանյան մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում, որը երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ և համատեղ ծրագրեր է ենթադրում: Անդրադառնալով երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երիտասարդական ֆորումների և ճամբարների անցկացումը: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել զարգացնելու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը:

0 comments

Comments


bottom of page