Search

Նախագահի և դեսպանի հանդիպման արարողակարգը նախապես համաձայնեցված է եղել


Ինչպես հայտնի է՝ օրերս նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել էին իրենց երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերին։ Լրատվականներից մեկը, օգտագործելով նախագահի աշխատակազմի տարածած լուսանկարը, որտեղ զրուցակիցները իրարից բավականին մեծ հեռավորության վրա են նստած, հայտարարել էր արարողակարգերի խախտման և «դիվանագիտական սկանդալի» մասին։

Հարկ է սակայն նշել, որ ըստ սահմանված կարգի, հանդիպման ձևաչափը, դրա  ընթացքում քննարկվելիք հարցերը և արարողակարգի մանրամասները նախապես համաձայնեցվել են չինական կողմի հետ: Ավելին՝ այդ հանդիպումը լուսաբանվել է նաև չինական մամուլում: Հատկանշական է, որ նյութի հեղինակը մտքերը շարադրել է՝ վկայակոչելով ԱԳՆ-ում ունեցած ինչ-որ աղբյուրի, որի անունը, իհարկե, չի նշվում։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ սա առաջին անգամ չէ, որ լրատվամիջոցը փորձում է ապատեղեկատվությունը տարածել՝ հղում անելով ԱԳՆ ենթադրյալ աղբյուրներին:

«Որպես ԱԳՆ հավաստի աղբյուր՝ հարկ է նշել, որ ճղճիմ երևակայությամբ համեմված այս գործելակերպը հարիր չէ պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվությանը՝ հատկապես այսօր, երբ կորոնավիրուսի դեմ պայքարը դառնում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևոր գործիք», - նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia