Յուրաքանչյուր մարդ, ով պատասխանատու է Արցախի համար, պետք է հետևյալը գիտակցի․ Վահան Բաբայան
- Anews
- Jan 18, 2023
- 1 min read

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով, Արցախի քաղաքական զարգացումների մասին՝ նշեց․ «Շատ բաների, նույնիսկ նոր ընտրությունների մասին է խոսվում: Բայց ես նույնիսկ տեսականորեն չեմ պատկերացնում շրջափակված, այս աղետալի վիճակում հայտնված Արցախում որեւէ ընտրության անցկացման հարց: Մարդիկ հաց չունեն ուտելու, լույսն է անջատվում, ինտերնետ չկա, դեղ չլինելու պատճառով հիվանդներ են մահանում՝ մարդիկ գնան ընտրություն անեն, որ ի՞նչ: Ընտրությունները ի՞նչ հարց են լուծելու: Թե այնտեղ ինչ ներքին խնդիրներ կան, ծանոթ չեմ: Նույն կերպ կարդում եմ: Ակնհայտ է չէ՞, որ Հայաստանը ինչքան էլ ձեռքերը լվացած լինի Արցախից, ինչպես հայտարարում են, նման բան չի կարող լինել: Ակնհայտ է, որ այնտեղ կան գործընթացներ, որտեղ Հայաստանի ղեկավարությունը անմիջական մասնակցություն է ունենում: Իսկ Արցախի ղեկավարությանը վստահել, թե չվստահել, առաջին հերթին պետք է որոշի Արցախի ժողովուրդը, որովհետեւ ինքն է տեսել՝ ինչն է արվել, ինչը չի արվել: Նաեւ իրենց խնդիրն է՝ տեսնել Ռուբեն Վարդանյանին որպես այն անձը, որը կարո՞ղ է խնդիրները լուծել, թե ոչ: Ես ինքս քննադատել եմ Ռուբեն Վարդանյանին քաղաքականություն մտնելու համար, բայց այս պահին նրան քննադատել այն բանի համար, ինչ ինքն այնտեղ անում է, սխալ է, որովհետեւ ինքն իր՝ պետնախարարի, գործով է զբաղված: Եվ վերջինը. յուրաքանչյուր մարդ, ով պատասխանատու է Արցախի համար, պետք է հետեւյալը գիտակցի. կամ պետք է համաձայնի Ալիեւի տարբերակներին եւ ինչպես ասում է Փաշինյանը, բանակցի Բաքվի հետ, ինչը անգրագիտության դրսեւորում է եւ նշանակում է ուղիղ ենթակայության տակ անցնել, կամ շարունակել պայքարել՝ պահպանելով ինքնորոշման ու անկախության սկզբունքները: Արցախի ժողովուրդը սրանք համադրելով պետք է կողմնորոշվի, թե Արցախի որ ղեկավարն է ճիշտ եւ ընդունելի»:







Comments