Search

Մոտակա ամիսներին գնաճը կմնա ցածր մակարդակի վրա. ԿԲ խորհրդի անդամ


ՀՀ կենտրոնական բանկը երկրում արտակարգ դրության պայմաններում գնաճի ավելացման ռիսկ չի տեսնում:

Այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:


«Մարտի 17-ին մենք նվազեցրեցինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներ բարձրացրեցին այն կամ թողեցին անփոփոխ: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականւթյան գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված: Միաժամանակ, քանի որ մենք 2015-ից բավականին ցածր գնաճային միջավայր ունենք, և ներկայում նույնպես գնաճը բավականին ցածր է, մենք այս քայլով հնարավորություն ենք տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության և մեր գների կայունության, տնտեսության զարգացման նպատակները: Գնաճային սպասումները բավական ժամանակ խարսխված են, և մենք այստեղ որոշակի ընդլայնողական քաղաքականություն իրականացրինք: Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա»,- ասաց Ստեփանյանը:

Նա նշեց` նայելով արտաքին աշխարհի զարգացումներին և նրան, թե կառավարությունն ինչ ջանասիրաբար է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներին և գներին վերաբերում, ապա, ըստ էության, կարելի է  արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված: Ստեփանյանը նաև վստահեցրեց, որ ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ տնտեսության հետագա զարգացման համար և պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակի: Միևնույն ժամանակ իրականացվող քաղաքականության արդյունավետության համար ԿԲ-ն մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ:


Նյութի աղբյուր՝ Արմենպրես

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia