Մոսկվան տարակուսանքով ընդունեց Զատուլինի և Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը
Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք նման հայտարարությունները տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի եւ ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման եւ պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, եւս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ Երեւանից պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները, արձագանքները եւ այլն»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ եւ՛ Զատուլինը, եւ՛ Սիմոնյանը կողմ են հայ-ռուսական դաշնակցային կապերի համակողմանի ամրապնդմանը։
«Այս հարցում կասկած լինել չի կարող։ Ես նրանցից այլ հայտարարություններ չեմ լսել։ Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական պատճառներ հորինվեն ներկա պայմաններում, երբ Արեւմուտքը նպատակաուղղված փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում»,-ասել է Զախարովան։
Comments