Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար
Ռուսաստանն այսօր էլ անում է հնարավոր ամեն ինչ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների համապարփակ եւ համընդհանուր կարգավորման հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է Հայաստանին տրամադրվող օգնության հարցը։ «Ռուսաստանն ավանդաբար, այսպես ասենք, եթե նայեք պատմական բաղադրիչին, միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը եւ հնուց ի վեր աջակցել է մեր հայ բարեկամներին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա մենք այսօր էլ անում ենք հնարավոր ամեն ինչ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների համապարփակ եւ համընդհանուր կարգավորման հասնելու համար։ Միանգամից կցանկանայի նշել՝ դա բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես եւ Ռուսաստանը, մենք բոլորս մեկ պետության մաս ենք եղել Մենք հսկայական կապեր ունենք եւ՛ Երեւանի, եւ՛ Բաքվի հետ, եւ դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Մենք, իհարկե, բոլորս բավականին բարդ վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող հեռու մնալ Ռուսաստանի համար մոտ պետությունների միջեւ առկա խնդիրներից ու հակասություններից եւ միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Եվ ընդհանուր առմամբ, մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ եւ կայուն զարգացող տարածաշրջան։Անկասկած, խաղաղության միակ հնարավոր եւ իրատեսական ճանապարհ կարող է լինել այն ուղին, որը ենթադրում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների պարտադիր պահպանում. այժմ դրանք բոլորը չեմ թվարկի։ Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այս պայմանավորվածությունների հետեւողական իրականացման շնորհիվ հնարավոր է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման։ Մենք Հայաստանի վարչապետի հետ այդ մասին բազմիցս խոսել ենք, եւ ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է սրա հետ։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք կարելի է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի կնքման»,- ասել է նա։
Bình luận