Միջազգային հանրությունը ԼՂ-ի վերաբերյալ իր հռետորաբանությամբ կրկին իշխանություններից առաջ է անցել
- Anews
- Jan 19, 2023
- 1 min read

Միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հռետորաբանության մեջ կրկին առաջ է անցել Հայաստանի իշխանություններից։ Հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի բանաձեւը։
«Տեքստում կան մի շարք կարեւոր ասպեկտներ։ Առաջին հերթին հստակ գնահատական է տրված Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի գործողություններին։ Փաստաթղթում օգտագործվում է «այսպես կոչված ակտիվիստներ» ձեւակերպումը։ Նշվում է նաեւ, որ այս գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են։ Բայց կա եւս մեկ կարեւոր պահ։ Թեեւ Հայաստանի իշխանությունները վաղուց են դադարել խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, կարգավորման երեք հիմնական սկզբունքներում, Հելիսնկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաեւ տվյալ բանաձեւում այդ սկզբունքը նշվում է։ Մասնավորապես, որպես կարգավորման հիմնական հնարավոր տարբերկաներից մեկը։ Ուստի միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր հռետորաբանության մեջ հերթական անգամ պարզվեց, որ մեկ քայլ առաջ է Հայաստանի իշխանություններից»,- պարզաբանեց ընդդիմադիրը։
Նա նաեւ հավելեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ նշաձողն իջեցնելու միջազգային հանրության պահանջների մասին Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այլեւս արդիական չեն, քանի որ վերոնշյալ բանաձեւը ցույց տվեց միջազգային հանրության իրական տրամադրվածությունը։







Comments