Մինչև ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու. Արտակ Զաքարյան
Մինչև ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նա նաեւ նշել է. «Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը: Դրա համար են պետությունները պահում ուղեղային կենտրոններ, տարատեսակ ոլորտային ինստիտուտներ ու հետազոտական հիմնարկներ: Առավել կայացած պետություններում, պաշտոնաթող քաղաքական գործիչներին խնդրում (հրավիրում) են աշխատելու խորհրդատվական, հետազոտական, գիտա-ուսումնական, վերլուծական կենտրոններում: Որովհետև, իրականում դա պետության ամենաթանկարժեք ռեսուրսն է, քաղաքական կառավարման համար ամենաթանկ կապիտալը` որն արտահայտվում է պրակտիկ գիտելիքներով, կուտակված փորձով և հեռանկարային պատկերացումներով: Հայաստանում այդ պրակտիկան քիչ թե շատ կիրառվում էր մինչև թավշյա տնաքանդությունը: Այսօր այն իսպառ վերացել է: Ավելի ճիշտ, հատուկ քաղաքականությամբ ավիրվել է: Կապիտուլյացված լակոտակրատիայի ու անթրաշների կարտելայի վերածված Հայաստանը չունի վաղվա անելիքների իր տեսլականը: Պետական կառավարման համակարգում ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու վաղը: Բոլոր հայտարարությունները կառուցված են ստի և որոշ բախտախնդիրների տգետ երևակայության վրա: Արցախում երեկ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է: Չկա ռազմավարություն, չկա մարտավարություն, նույնիսկ օպերատիվ մակարդակում հստակ չէ, թե որո՞նք են լինելու Հայաստանի կամ Արցախի ողջամիտ քայլերը` տարբեր իրավիճակներում: Փոխարենը` կա դավաճանության մարմնավորում դարձած Նիկոլ, ով մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին: Դրա համար պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, գնալ ցանկացած թեմայով բանակցության, կախվել ցանկացած օտար երկրի ոտքերից, բայց չունենալ սեփական դիրքորոշում: Հայաստանն այսօր չի կարողանում պայմանավորվել այնպես, որ տարածաշրջանում ոչ մի կողմի ձեռնտու չլինի Ադրբեջանի կրակոցը Հայաստանի կամ Արցախի ուղղությամբ: Մեկի հետ խոսում է, մյուսին է առիթ տալիս և հակառակը: Իսկ Ադրբեջանը շարունակում է օգտվել Նիկոլի բոլոր սխալներից ու ստորացված վիճակից: Արդյունքում տուժվում է Հայաստանի ու Արցախի ժողովուրդը: Ադրբեջանը չի դադարելու կրակել, քանի դեռ Հայաստանը չունի հստակ դիրքորոշում: Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունների բոլոր սցենարները հանգեցնելու են պայմանավորված պատերազմի, սա արդեն տեսանելի է: Կապիտուլյանտը գնա «խաղաղության կեղծ օրակարգով» թե չգնա` Բաքվին և Նիկոլին այսօր ձեռնտու է նոր ռազմական էսկալացիան: Այս ամենը հստակ երևում էր դեռևս 2021թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանն այլևս չէր թաքցնում դեպի Հայաստան իր նվաճողական քաղաքականության թիրախները: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ որքան էլ հայը բարեկամության ձգտի` թուրքի համար միշտ եղել ու լինելու ենք թշնամին: Հ.Գ. 2020թ. նոյեմբերից առ այսօր, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը հայերիս մասին խոսելիս օգտագործել է բացառապես` «դուշման, դուշմանլար» բառերը: Սա Նիկոլի հռչակած խաղաղության կեղծ օրակարգի ֆոնի վրա»։
Comments