Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը վերաբացվել է
Պարետի որոշումից հետո թանգարանները բացվեցին ոչ միանգամից ու ոչ բոլորը միասին: Ամեն թանգարանի ժամանակ էր պետք, համավարակի պայմաններում, աշխատանքը կազմակերպելու համար:
Շիրակի մարզում վերջինը՝ սեպտեմբերի 1-ին, վերաբացվեց Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը։Զբոսաշրջիկների հետաքրքրությունը բավարարելու համար թանգարանը պատրաստվում է Ազգային պատկերասրահից Մինասի բնօրինակ գործերը բերել ցուցադրության:
Համավարակի պայմաններում արդեն կենսակերպ դարձած կանոնները կիրառվում են նաև Ջաջուռում՝ Մինասի թանգարանում: Ջերմաչափում, սահմանված հեռավորության պահպանում: Վերաբացումից հետո առաջին այցելուներից են հարևան Լոռու մարզի Արջուտի դպրոցի մանկավարժները: Մինչ դասերի մեկնարկը որոշել են ներքին տուրիզմի առաջարկներից օգտվել: Արջուտը Ջաջուռից շատ հեռու չէ, բայց առաջին անգամ են Մինասի թանգարան այցելում:
Մինասյան գույները ,վառ ու գյուղական տեսարանները նկարչի բնօրինակ կտավներում են: Ջաջուռի թանգարանի ֆոնդերում է Մինասի ամենահայտնի գեղանկարներից «Հայկական նատյուրմորտը» և նկարչի կուրսային աշխատանքներից մեկը, որը նույնպես խորհրդային տարիներին առանց քննադատության չի ընդունվել:
Ջաջուռի թանգարանում Մինասի 9 բնօրինակ գեղանկարներ են պահվում և երկու որմնանկար: Ավելի շատ գործեր Ազգային պատկերասրահում են, որտեղից պարբերաբար ցուցադրության համար կտավներ ու գրաֆիկական գործեր Ջաջուռ բերվում են, բայց Մինասի բնօրինակներն այստեղ պահելու համար շենքային պայմանները թույլ չեն տալիս:
Հարկադիր պարապուրդի ընթացքում նաև թանգարանի տանիքն են նորոգել: Կաթոցներից մնացած հետքերը վերացնել դեռ չեն հասցրել: Ջաջուռի թանգարանը, ի տարբերություն մյուսների , այցելուների ընդունում է սեզոնային: Թանգարանը ձմռանը ջեռուցում չունի, գրեթե այցելուներ չի ունենում: Ներքին տուրիզմի ակտիվացմամբ պայմանավորված, ակնկալում են, որ մինչև հոկտեմբեր ամիսը այցելուներ կունենան: Այս տարի պահանջված են Լոռու և Տավուշի ուղղությունները, իսկ Ջաջուռը գտնվում է Գյումրիից այդ մարզեր տանող ճանապարհին:
Comments