Search

«Միավորելով համընդհանուր ուժերը կարող ենք հասնել ցանկալի արդյունքի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմենովան: Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմենովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը: Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները: Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: «Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը: Միաժամանակ, քննարկվել են նաև 6-րդ ֆորումի անելիքները` կարևորելով առողջապահության ոլորտի բարեփոխումների բազմակողմանիությունը և բազմազանությունը: Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն: «Միավորելով համընդհանուր ուժերը կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրելով հասնել ընդհանուր նպատակներին: Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն ռուս և հայ ժողովուրդների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia