top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Միասնական հայրենիք»-ը պատասխանել է Արցախի ԱԺ ընդդիմադիրների նախաձեռնությանը չմիանալու հարցին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, համանուն կուսակցության ֆեյսբուքի էջում պարզաբանում է տարածել խորհրդարանի «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունների՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի՝ Լաչինի միջանցքի առնչությամբ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը դիմելու նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ։ ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության հայտարարությունում ասված է. «Ս․թ․ օգոստոսի 19-ին մամուլը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն», «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի՝ Լաչինի միջանցքի առնչությամբ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սույն նախաձեռնությանը «Միասնական հայրենիք» խմբակցության չմիանալու կապակցությամբ պարզաբանում ենք․ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախաձեռնության մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, ուստի մեր կողմից դրան միանալու կամ չմիանալու վերաբերյալ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչների շահարկումներն արհեստական են։ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից ազգային-անվտանգային հարցերի շուրջ «Արդարություն» խմբակցության հետ պարբերաբար համագործակցության փորձեր են նախաձեռնվել, որոնք վերջինիս ղեկավարության կողմից ստորադասվել են նեղ քաղաքական ձգտումներին: Խիստ տարակուսելի է ոչ միայն «Արդարություն» խմբակցությանն ընդդիմադիր որակելը, այլև ընդդիմադիր քողի ներքո նրա ներկայացուցիչների քաղաքական սեթևեթանքները, դիցուք՝ սույն նախաձեռնությունը։ Սույն խմբակցությունը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ ցուցադրական հանդիպում նախաձեռնելու փոխարեն, կարող է մանրամասն պարզաբանումներ ստանալ իր նախընտրական ցուցակը գլխավորած, ռուսական և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարող ու համաձայնություններ ստորագրող ԱԽ քարտուղարից։ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ստիպված է Աժ «Արդարություն» խմբակցությանը հիշեցնել, որ Աժ-ում գտնվելու իրենց նպատակն ու գործառույթը «Միասնական հայրենիք» խմբակցությունից և նրա առաջնորդ Սամվել Բաբայանից ունեցած կոմպլեքսների հանրայնացումը չէ։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ հայության համար այս բախտորոշ շրջանում, հնարավոր կարող ուժերը մեկտեղելու փոխարեն, քաղաքական լարախաղացությամբ զբաղվելը չի բխում Արցախի և համայն հայության առջև ծառացած մարտահրավերներից»։

0 comments

Comments


bottom of page