top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեքսիկայում հասարակական վայրերում ծխելու լիակատար արգելք է սահմանվել



Մեքսիկայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելու լիակատար արգելքը։ Այս քայլը, որն առաջին անգամ հաստատվել է 2021 թվականին, ներառում է նաեւ ծխախոտի գովազդի արգելքը։ Լատինական Ամերիկայի մի քանի այլ երկրներ նույնպես ընդունել են օրենքներ հասարակական վայրերում ծխից ազատվելու վերաբերյալ, սակայն Մեքսիկայի օրենսդրությունը համարվում է ամենաուժեղն Ամերիկա մայրցամաքում: Դա ծխելու դեմ պայքարի ամենախիստ օրենքներից մեկն է աշխարհում։ Մեքսիկայի 2008 թվականի օրենքը, որն արգելում էր ծխելը բարերում, ռեստորաններում եւ աշխատավայրերում, այժմ ընդլայնվել է՝ ներառելով բոլոր հասարակական վայրերը, այդ թվում՝ այգիներ, լողափեր, հյուրանոցներ, գրասենյակներ եւ ռեստորաններ: Լիակատար արգելք կլինի նաեւ ծխախոտի արտադրանքի գովազդի եւ հովանավորչության վրա, ինչը նշանակում է, որ ծխախոտը չի կարող ցուցադրվել նույնիսկ խանութներում։ Վեյփն ու էլեկտրոնային ծխախոտը նույնպես ենթարկվում են նոր կոշտ սահմանափակումների, հատկապես փակ տարածքներում: Առողջապահության պանամերիկյան կազմակերպությունը ողջունել է այդ քայլը եւ գովաբանել Մեքսիկայի կառավարությանը: Կազմակերպությունը պնդում է, որ ծխախոտի օգտագործումը աշխարհում մահացության միակ ամենականխարգելելի պատճառն է եւ Ամերիկա մայրցամաքում ամեն տարի մոտ մեկ միլիոն մահվան պատճառ է դառնում՝ ակտիվ կամ պասիվ օգտագործման պատճառով: Այնուամենայնիվ, որոշ ծխողներ մտահոգված են նոր օրենքի «դրակոնյան» բնույթով: Ըստ էության, դա նշանակում է, որ շատերին կթույլատրվի ծխել միայն իրենց տներում կամ այլ մասնավոր բնակավայրերում։ Մյուսները կասկածի տակ են դնում օրենքի կիրառման գործնական հնարավորությունները: Հաշվի առնելով Մեքսիկայի ոստիկանությունում տարածված կոռուպցիան՝ շատերը վախենում են, որ հասարակական վայրերում ծխելու համար իրական տուգանքներ կամ պատիժներ սահմանելու փոխարեն, որոշ ոստիկաններ դա կօգտագործեն որպես կաշառք ստանալու պատրվակ:

0 comments

Comments


bottom of page