top of page
Search

Մեր մտքերը, մեր քայլերը, մեր աշխատանքն ու նպատակները պետք է ուղղենք Արցախի նորովի վերածննդին



Այսօր լրանում է Արցախյան շարժման 35 ամյակը. 1988-ին սկիզբ առած շարժումն ԱԶԱՏԱՄԱՐՏ էր դասական իմաստով. Հայաստանում և Արցախում ձևավորված ազգային ազատագրական պայքարի արդար ու ազնիվ նպատակը սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելն էր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախյան շարժումը մեր պատմության կարևորագույն էջերից մեկն է, որի ընթացքում մեր ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ համախմբվելով շարժման կուռ գաղափարի, ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման, անկախության և ազատության անուրանալի արժեքների շուրջ։

Այսօր Արցախը կրկին բնաջնջման ու հայաթափման վտանգի առջև է կանգնած, և սա պարզապես շարունակությունն է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների, հայության ամբողջական վերացման՝ այդ թվում բոլոր մակարդակներում՝ թե՛ մշակութային, թե՛ քաղաքակրթական ու թե՛ հասարակական։ Բայց Արցախն այսօր էլ կանգուն ու տոկուն է, ինչպես երբևէ։ Արցախը չի հանձնվել և չի հանձնվելու, քանի դեռ Արցախ հողում ապրում է հայրենանվեր և ուժեղ արցախցին։

1988-ից հետո տարեց տարի մասնատված միասնականությունը վերածվեց անտարբերության, որի արդյունքն Արցախի այսօրվա կարգավիճակն է։ Ուստի այսօր մենք 35 տարի առաջ որդեգրած սկզբունքների վերաարաժևորման, մեր միասնականության վերակերտման կարիք ունենք, որովհետև ևս մեկ անգամ սխալվելն ու շարունակական անտարբերությունը կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, մեր պետականության համար։

Այսօր, առավել քան երբևէ, մեր մտքերը, մեր քայլերը, մեր աշխատանքն ու նպատակները պետք է ուղղել Արցախի նորովի վերածննդին, Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ու միասնական հայրենիքի կերտմանը։

Հավերժ փառք ու խոնարհում մեր միասնական հայրենիքի համար ընկած մեր քաջարի մարտիկներին»:

0 comments

Comments


bottom of page