Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Մենք նպատակ ունենք միավորել տարբեր ազգերի մշակույթը՝ խոհանոցի միջոցով. Երվանդ Ղալաչյան


«Զվարթնոց» տաճարի հարակից տարածքում մայիսի 19-ին կկազմակերպվի Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը։ Այդ մասին այսօր տեղեկացրեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը և Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Ղալաչյանը: Ղալաչյանն արդեն 2 տարի իր նախաձեռնությամբ Բուրյաթիայում իրականացնում է «Սևանից-Բայկալ» խորագրով տոլմայի փառատոն։ Երվանդ Ղալաչյանը խոսեց այնտեղ իր կատարած աշխատանքների մասին, նշեց, որ հայկական տոլման այնտեղ բարձր վարկանիշ ունի։ «Տեսնելով, թե ինչպես է փառատոնը Հայաստանում կազմակերպվում, ես խոսեցի Սեդրակ Մամուլյանի հետ, որպեսզի մեզ մոտ ևս այս փառատոնը անցկացնենք: Մենք նպատակ ունենք միավորել տարբեր ազգերի մշակույթը՝ խոհանոցի միջոցով».- ասում է Երվանդ Ղալաչյանը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր:

Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով, որն իսկական ազգային տոնի կվերածի ազգային կերակրատեսակի շուրջ :

Այս տարի ավանդական մասնակիցների հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները: Մամուլյանը նշեց, որ այս տարվա փառատոնը առանձնանում է նախորդներից նրանով, որ տոլմա եփելու վարպետությունը կցուցադրեն նաև զինվորական խոհարարները: «Այստեղ մենք կտեսնենք, թե ինչպես կարելի է, արտակարգ իրավիճակներում ապահովել սնունդը, և՛ պատրաստել, և՛ մատուցել այն».- ասում է խոհարարը: Ըստ նրա՝ լինելու է նաև ամենաերկար տոլմայի մրցույթ:

Փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը։ Մամուլյանի խոսքով, փառատոնը միտված է Երևանից դուրս կազմակերպել, որպեսզի Հայաստանում համաչափ զարգացում լինի, և՛ տուրիզմի, և՛ խոհարարական գրավչության տեսանկյունից։ Միջոցառման ժամանակ Կարմիր գրքում գրանցված երաժշտական գործիքներով խումբ պետք է ներկայանա:

Anews.am-ի հարցին` արդյո՞ք Հայաստանում մշակված է ծրագիր, որպեսզի տարբեր երկրների խոհարարներ իրենց երկրների ավանդական կերակրատեսակները, խոհանոցը ներկայացնեն Հայաստանում, Մամուլյանը պատասխանեց. «Նախագծում կա չինական խոհանոցի հետ համագործակցություն, աշխատում ենք այդպիսի ծրագիր կազմակերպել»:

Գոհար Սարգսյան