Մենք այսօր ունենք շատ վատ և կործանարար տարբերակ. Կործանարարը «վաշինգտոնյան» տարբերակն է. Շարմազանով

Կա Վաշինգտոնի փաստաթուղթ, որը ոչ պաշտոնապես հրապարակվել է եւ որի բովանակությունը ամերիկյան, եվրոպական եւ նիկոլական կողմը չեն հերքել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ըստ այդ փաստաթղթի, Արցախը պետք է անցնի եւ հայտնվի Ադրբեջանի կազմում, եւ Արցախի տարածքի վրա պետք է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները տիրապետեն: Այսինքն Արցախը հանձնվում է Ադրբեջանին: Այդ տարբերակով հայ ժողովրդի 30-ամյա պայքարը, երազանքները, Երորդր հանրապետության գաղափարական, բովանդակային հենքը զրոյացվում է: Նման օրակարգով բանակցությունների մասնակցելը սրբապղծություն է Եռաբլուրի հանդեպ, դա պետական դավաճանություն է»,-ասաց նա:
Անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եւ եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը համարում է, որ պետք է ընտրել դա, իրենք կսատարենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ընտրություն, Շարմազանովն ասաց. «Պուտինը նշեց, որ գնդակը հայ ժողովրդի, արցախահայության դաշտում է: Արցախահայությունը պետք է իր դիրքորոշումը հստակ ասի, այստեղ մենք բոլորս պետք է հստակ գնահատական տանք՝ ի վերջո, մենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին տեր ենք, թե ոչ.,-ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ ոուսական տարբերակում Արցախի խնդրի մասին խոսք կա, բայց այն տեղափոխվում է ապագային. «Մենք չունենք այսօր լավ ու վատ տարբերակ, ունենք շատ վատ եւ կործանարար տարբերակ: Բնականաբար, կոերծանարար տարբերակը Վաշինգտոնինն է, վատն էլ ռուսական տարբերակն է: Այս ամենի մեջ մեղավորը ոչ ռուսն է, ոչ Ամերիկան է, ոչ ՆԱՏՕ-ն է, ոչ ֆրանսիացին է, այս ամենի մեղավորը հակապետական, կապիտուլյանտ ռեժիմն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ երկիրը հասցրել է այս անկումային, աշխարհաքաղաքական խայտառակ իրավիճակին: Եթե նա մնաց, վաղը ոչ մի ընտրություն չենք ունենալու, որովհետեւ Հայաստան էլ չենք ունենալու»,-ընդգծեց Շարմազանովը:
Comments