Մեկնարկում է երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագիրը

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակն իրականացնում է պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման Professional Fellows Program (PFP) ծրագիրը, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և փորձառություն ձեռքբերել ԱՄՆ հաստատություններում` համագործակցության սկիզբ դնելով երկու երկրների կառույցների միջև։
Այս կրթաթոշակ-ծրագիրն անբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հինգից-վեց շաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում և հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում, ինչպես նաև համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
- Կառավարությունում և պետական սեկտորում, այդ թվում տեղական և մարզային մարմիններում
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում, ինչպես նաև նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Դիմորդները պետք է՝
լինեն 25-ից 35 տարեկան
լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
ունենան առնվազն բակալավրի կոչում
տիրապետեն անգլերենին
ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում)
ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ
Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2023-ի հունվարի 31-ն է: Նշենք, որ Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից կրթական և մասնագիտական կրթաթոշակային ծրագրեր է իրականացնում ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ, այդպիսով, հնարավորություն տալով ավելի քան 1500 հայաստանցի աշակերտների, ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ում:
Comentarii